Ուսումնական գարուն նախագիծ մայրենիից

Ուսումնական գարուն

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:

ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆ
ԷՄԻԼԸ
ԼՅՈՆԵԲԵՐԳԱՅԻՑ

ԱՌԱՋԱԲԱՆ
Ա՜խ այս չարաճճի երեխաները:
Եթե անգամ դու այդպիսին չես, ապա շրջապատում հաստատ կունենաս այնպիսի չարաճճի տղաներ ու
աղջիկներ, որոնք առավոտից իրիկուն արկածներ են փնտրում, անկարգություններ անում, մեծերի հոգին
հանում: Եղբայրներիցդ կամ հարևան երեխաներից մեկ-երկուսն անպայման այնքան չար են, որ
տատիկներն ու պապիկները, հարևան տիկիններն ու պարոնները ամեն օր բարձրաձայն կամ քթի տակ
նրանց է՛լ պատուհաս, է՛լ Աստծո պատիժ, է՛լ թոկից փախած կամ չարի մերան են անվանում: Է՛հ,
այդպիսինների գլխին, նույնիսկ եթե իրենք էլ հանկարծ մի օր անկարգություն չեն անում, մեկ է, անընդհատ
մի բան գալիս է: Եվ ի՞նչ են գլուխները տարուբերելով սովորաբար ասում բոլոր մեծերը.

 

«Չէ՛, սա մարդ չի
դառնա»: Հը՜մ, իսկ եթե ասեմ, որ նրանք սխալվում են: Որ այդպիսի երեխան մի օր կմեծանա ու կդառնա,
օրինակ, իրենց շրջանի ամենահարգված մարդը, և որ նույն տղայի մի բարի արարքի կողքին իսկույն
կխամրեն ու կմոռացվեն իր նախկին բոլոր անկարգությունները:
Պատկերացնո՞ւմ ես, ամենաչար երեխաներն էլ կարող են որոշ ժամանակ անց իսկապես լավ մարդ դառնալ:
Մանավանդ ցախանոցում նստած 369 փայտե մարդուկ տաշելուց հետո, ինչպես Էմիլը՝ այս գրքի հերոսը:
Սակայն ամբողջ աշխարհում չի գտնվի մեկը, որ ավելի շատ չարաճճիություն արած լինի, քան Էմիլը:
Ամենուր, որտեղ հայտնվում է նա, կամ տուրուդմփոց է սկսվում կամ աղմուկ-աղաղակ բարձրանում: Իսկ
նրա մայրիկը ճշգրտորեն գրի է առնում Էմիլի բոլոր չարաճճիությունները, բացառությամբ մի քանիսի,
որոնց մասին հիշատակելն անգամ անհարմար է: Բայց արի ու տես, որ այդ նույն տղան ունակ է նան
հերոսության, իսկ երբ մեծանում է, իրենց շրջանի համայնքի նախագահն է դառնում և ոչ ավել ոչ պակաս՝
ամբողջ Լյոնեբերգայի ամենահարգված տղամարդը:
Որքան էլ որ անկարգ լինի շվեդական Սմոլանդ գավառի Լյոնեբերգա քաղաքի Քաթհուլտ ագարակում
ապրող այս տղան, այնուամենայնիվ, Աստրիդ Լինդգրենի մյուս հերոսների՝ Երկարագուլպա Պիպիի,
տանիքում ապրող Կառլսոնի, ավազակապետի դուստր Ռոնյայի, Ռասմուսի, Քալլե Բլումքվիստի պես նա
նույնպես ոչ միայն շվեդ, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող երեխաների սիրած հերոսներից է
դարձել:
Այ հիմա, երբ դու արդեն պատրաստ ես ծանոթանալու շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի
հերոսներից մեկին՝ Լյոնեբերգացի Էմիլին, երևի քեզ կհետաքրքրի նաև այն փաստը, որ 1907 թվականի
նոյեմբերի 14-ին Սմոլանդ գավառի Վիմերբի փոքրիկ գավառական քաղաքում, որտեղ ամեն տարի մեծ
տոնավաճառ էր կազմակերպվում, և որտեղ Էմիլը, բնականաբար, հայտնի էր դարձել իր
«հերոսություններով», ծնվել է Աստրիդ Աննա Էմիլիա Էրիկսոնր, որը նույն ինքը՝ Աստրիդ Լինդգրենն է: Եվ
Էմիլի մասին իր երեք վիպակներում շվեդ մանկագիրը Լյոնեբերգացի Էմիլի արկածներին զուգընթաց նաև
մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական հրաշք բնությունն ու
մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները,
առասպելներն ու սովորույթները, որոնք պատկերված են գրքում և որոնց կարող ես ծանոթանալ դու՝
հետևելով Էմիլի անկարգություններին ու հերոսություններին: Գիրքը բացելով՝ դու Էմիլի հետ միասին
ոտաբոբիկ կքայլես Սմոլանդի անտառային արահետներով ու կլսես՝ ինչպես է կանչում կկուն, ու դայլայլում՝
սև կեռնեխները, կզգաս՝ ինչ փափուկ է սոճու ու եղևնու փշերով ծածկված արահետը բոբիկ ոտքերիդ տակ,
և արևն ի՜նչ անուշ է տաքացնում ծոծրակդ, և բացատներում գուցե հանկարծ մորու սպիտակ ծաղիկներ
նկատես: Դու կիմանաս հերթով Էմիլի բոլոր անկարգությունների մասին, որոնք մանրամասն գրի էր առնում
Էմիլի մայրիկը: Ճիշտ է, դրանցից մի քանիսն ամենևին էլ իր մեղքով չէին: Քեզ միգուցե զարմացնի, թե
ինչպես էր Էմիլի հայրիկը պատժում Էմիլին: Իսկ դա բավական հաճախ էր պատահում, ասենք, նույնիսկ
երբեմն օրը երկու անգամ: Նաև, որ նրա անկարգություններից լցվել էր բոլոր լյոնեբերգացիների
համբերության բաժակը, այնպես որ նրանք նույնիսկ որոշել էին նրան… բայց ոչ, իհարկե ես ոչինչ չեմ ասի.
այդ մասին դու կիմանաս այս վիպակի վերջում:
Ասեմ, որ Աստրիդ Լինդգրենը երեք վիպակ է գրել Լյոնեբերգացի այս չարաճճի տղայի մասին: Այս վիպակում
ղու կսկսես ծանոթությունդ Էմիլի ու Քաթհուլտ ագարակի մյուս բնակիչների հետ, Էմիլի մայրիկի օրագրի
շնորհիվ կիմանաս, թե ինչ եղավ, երբ Էմիլը չկարողացավ գլուխը հանել ապուրամանի միջից, ինչպես
քույրիկին կախեց դրոշի ձողից և ապա անհետացավ, ինչպես փող վաստակեց ու զվարճացավ
զինավարժությունների օրը: Եվ վստահ եմ, որ կարդալուց հետո անմիջապես կուզենաս իմանալ Էմիլի մյուս
բոլոր արկածների, նախանձելի գործարքների ու նաև այն շատ կարևոր հերոսության մասին, որից դու, ի
տարբերություն բոլոր անկարգությունների, հաստատ սովորելու բան կունենաս:
Բարի ընթերցում այս և մյուս վիպակների
Սիրով՝
Աշխեն Բախչինյան
Լյոնեբերգացի Էմիլը Լյոնեբերգայում ապրող մի տղա էր: Փոքրիկ, աշխույժ ու համառ մի տղա, որ ամենևին
քեզ նման խելոք ու լսող չէր: Չնայած երբեմն խելոք ու լսող էր թվում, իհարկե, այդպես էլ էր պատահում: Երբ
չէր գոռգոռում: Նա կլորիկ, կապույտ աչքեր ուներ, թմբլիկ կարմիր երես, գանգուր բաց շեկ մազեր: Իր այդ
արտաքինով Էմիլը իսկական փոքրիկ հրեշտակ էր թվում: Բայց մարդ երբեք չպիտի խաբվի արտաքինից:
Հինգ տարեկան էր Էմիլը, փոքրիկ ցլիկի պես ուժեղ ու ճարպիկ և ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա
շրջանի Քաթհուլտ ագարակում: Ու այդ փոքրիկ տղան խոսում էր Սմոլանդի բարբառով, իսկ դրա դեմ ոչինչ
անել չես կարող: Սմոլանդում բոլորն են այդպես խոսում: Երբ նա իր գլխարկն էր ուզում, քեզ նման չէր ասում՝
«Գլխարկս կտա՞ք»: Այսպես էր ասում՝ «Գդակս տո՛ւ»: Նրա «գդակը» բավական անճոռնի կապույտ կեպի
էր՝ սև հովարով: Հայրն էր գնել նրա համար, երբ մի անգամ քաղաք էր գնացել: Էմիլը շատ էր ուրախացել
գլխարկի համար, և երբ երեկոյան պառկում էր քնելու, միշտ ասում էր. «Գդակս եմ ուզում»: Մայրիկն իհարկե
չէր կարծում, որ արժեր գլխարկով քնել, և այն պատրաստվում էր նախասենյակի դարակի վրա դնելու, բայց
Էմիլն ամբողջ Լյոնեբերգայով մեկ ճչում էր. «Գդակս տուուո՜ւ»:
Եվ Էմիլը երեք շաբաթ ամեն օր գլխարկը գլխին քնեց: Նրա ուզածն էլ հենց դա
էր, չնայած գլխարկն այդ ընթացքում բավական տեսքից ընկավ: Սակայն
կարևորն այն էր, որ Էմիլի ասածով եղավ, իսկ նրա ուզածն էլ հենց դա էր:
Նախ և առաջ չպիտի լիներ այնպես, ինչպես մայրիկն էր ուզում: Մի անգամ
Ծննդյան տոներին մայրիկը փորձեց Էմիլին ստիպել, որ խաշած կանաչ լոբի
ուտի, քանի որ կանաչեղենը շատ օգտակար է, բայց Էմիլը հրաժարվեց:
— Ի՞նչ է, որոշել ես երբեք կանաչեղեն չուտե՞լ,— հարցրեց մայրիկը:
— Ինչո՞ւ չէ, կուտեմ,— ասաց Էմիլը:— Իսկական կանաչեղեն ուտելուն դեմ չեմ:
Եվ նա առանց բառ ասելու գնաց տեղավորվեց տոնածառի հետևում և սկսեց կրծոտել ճյուղերը: Սակայն
շուտ դադարեցրեց, որովհետև լեզուն ծակում էր:
Այսպես իրասածի էր Էմիլը: Նա ուզում էր իրեն ենթարկել մայրիկին ու հայրիկին, նաև ամբողջ Քաթհուլտն
ու, ցանկալի էր, նաև ողջ Լյոնեբերգան, սակայն լյոնեբերգացիների հետ դա չստացվեց:
— Ի՜նչ մեղք են Քաթհուլտի Սվենսոնները, որ էսպիսի անտանելի տղա ունեն,— ասում էին նրանք: — Նրանից
մարդ դուրս չի գա:
Հենց այդպես էին կարծում լյոնեբերգացիները: Եթե միայն իմանային, թե ինչ էր դառնալու Էմիլը, երբեք
այդպես չէին խոսի: Պատկերացրեք, թե իմանային, որ Էմիլը, երբ մեծանար, դառնալու էր ոչ ավել ոչ պակաս՝
համայնքի խորհրդի նախագահ: Դու, անշուշտ, չես պատկերացնում, թե ինչ է համայնքի խորհրդի
նախագահը, բայց ես քեզ կարող եմ հաստատ ասել, որ դա շատ լավ բան է, և Էմիլն աստիճանաբար հասավ
դրան: Իսկ հիմա մենք պիտի վերադառնանք այն դեպքերին, որ կատարվեցին, երբ Էմիլը դեռ փոքր էր և
ապրում էր Սմոլանդ գավառի Լյոնեբերգա շրջանի Քաթհուլտ ագարակում իր հոր՝ Անտոն Սվենսոնի, մոր՝
Ալմա Սվենսոնի և իր կրտսեր քույրիկ Իդայի հետ: Քաթհուլտում նրանք ունեին նաև մի բատրակ, որի
անունն Ալֆրեդ էր, և մի սպասուհի՝ Լինա անունով: Երբ Էմիլը դեռ փոքր էր, Լյոնեբերգայում և ամենուրեք
բատրակներ ու սպասուհիներ կային: Բատրակները հերկում էին հողը, հնձում էին, կարտոֆիլ ցանում ու
խնամում ձիերին ու եզներին: Իսկ սպասուհիները կովերին էին կթում, լվանում ամանեղենն ու տանը
մաքրությանը հետևում և երեխաներին դայակություն անում:
Հիմա արդեն գիտես, թե ովքեր էին ապրում Քաթհուլտում՝ հայրիկ Անտոնը, մայրիկ Ալման, փոքրիկ Իդան,
Ալֆրեդն ու Լինան: Նաև երկու ձի, մի զույգ եզ, ութ կով, երեք խոզ, տասը ոչխար, տասնհինգ հավ, մի աքլոր,
նաև մի շուն ու կատու: Եվ, իհարկե, Էմիլը:
Քաթհուլտը գեղեցիկ, փոքրիկ ագարակ էր՝ բլրակի վրա կանգնած կարմիր ներկված առանձնատնով,
շուրջը՝ խնձորենիներ ու յասամանի թփեր: Իսկ շրջակայքում արտեր էին, դաշտեր ու հանդեր, մի լճակ ու մի
մեծ խիտ անտառ:
Հրաշալի հանգիստ ու խաղաղ վայր կլիներ Քաթհուլտը, եթե միայն Էմիլն այնտեղ
չլիներ:
— Վայ էդ տղան, անվերջ չարություն է անում,— ասում էր Լինան:— Իսկ եթե ինքն էլ
չարություն չանի, մեկ է, անընդհատ մի բան գլխին գալիս է: Էդ տղայի նման
անկարգը չկա, չէ՜:
Բայց Էմիլի մայրիկը սկսում էր նրան պաշտպանել:
— Էմիլն էդքան էլ չար չի,— ասում էր նա:— Էսօր միայն Իդային է մի անգամ կսմթել
ու կաթի սերը թափել, ու վերջ… Հա, մեկ էլ կատվի հետևից էր ընկել, ճիշտ է,
հավանոցի շուրջը վազում էր, որ բռներ: Բայց ամեն դեպքում, ինձ թվում է, նա
գնալով ավելի հանգիստ ու սիրալիր է դառնում:
Իրոք, Էմիլը չար չէր, նրա մասին այդ չէիր ասի: Նա երկուսին էլ շատ էր սիրում՝ Իդային էլ, կատվին էլ: Իդային
ուղղակի ստիպված էր կսմթել, թե չէ նա իր մուրաբայի հյութով հացը չէր ուզում տալ իրեն, իսկ կատվին էլ
լրիվ բարեկամաբար էր փորձում բռնել, պարզապես որպեսզի տեսներ, թե կկարողանար կատվի պես արագ
վազել: Չնայած կատուն չէր հասկացել նրա բարի մղումները:
Այսպիսով՝ մարտի յոթն էր, երբ Էմիլն այնքան բարի էր, որ ընդամենը մի անգամ կսմթել էր Իդային, թափել
կաթի սերը և ընկել կատվի հետևից: Իսկ հիմա դու կլսես Էմիլի կյանքի մի քանի ուրիշ օրերի մասին, երբ
ավելի շատ բան էր պատահել, կա՛մ այն պատճառով, որ Էմիլն էր հատուկ չարություն արել, կա՛մ Լինայի
ասածի պես՝ ուղղակի այդպես ստացվել էր, որովհետև Էմիլի հետ անընդհատ տարբեր բաներ էին
պատահում: Ուրեմն կարող ենք սկսել:
ՄԱՅԻՍԻ 22, ԵՐԵՔՇԱԲԹԻ
Երբ Էմիլը գլուխը մտցրեց ապուրամանի մեջ
Քաթհուլտում այդ օրը ճաշին մսով ապուր էր: Լինան ճաշը լցրել էր ծաղկավոր ապուրամանի մեջ, և բոլորը,
սեղանի շուրջը նստած, ապուրն էին ուտում, հատկապես Էմիլը: Էմիլը շատ էր սիրում մսով ապուր, և նրա
ուտելիս էլ լսվում էր, թե ինչքան է հավանում ապուրը:
— Պարտադի՞ր է՝ չմփչմփոցով խփշտես,— հարցրեց մայրիկը:
— Թե չէ լսողը չի իմանա, որ ապուր եմ ուտում,— ասաց Էմիլը, այսինքն՝ նա իրականում ասաց Սմոլանդի
բարբառով, բայց տվյալ պահին բարբառը չէր կարևորը:
Բոլորն ուզածի չափ կերան, և վերջապես ապուրամանը դատարկվեց: Ընդամենը մի փոքրիկ կում էր
մնացել ապուրամանի տակ: Էմիլն ուզեց այդ կումը խմել, իսկ դրան հասնելու միակ տարբերակը գլուխն
ապուրամանի մեջ մտցնելն ու վերջին կումը սվվոցով ներս քաշելն էր: Էմիլը հենց այդպես էլ արեց, ը դրսից
լսվում էր, թե ինչպես էր նա ներսում չմփչմփացնում: Բայց հետո, երբ նա պիտի գլուխը հաներ ապուրամանի
միջից, պատկերացրեք, որ դա նրան չհաջողվեց: Այն, ամուր նստած, մնաց գլխին: Այդ ժամանակ Էմիլը
վախից վեր թռավ աթոռից և կանգնած մնաց՝ ապուրամանը գլխին, ասես գլխի փոխարեն տակառիկ լիներ:
Այն իջել էր նրա աչքերից ու ականջներից ներքև: Էմիլը ճչալով քաշքշում էր ապուրամանը: Լինան նույնպես
վախեցավ:
— Ափսոս մեր գեղեցիկ ապուրամանը,— ասաց նա:— Մեր գեղեցիկ ծաղկավոր ապուրամանը, հիմա ինչի՞
մեջ եմ լցնելու ապուրը:
Քանի որ Էմիլն ապուրամանի մեջ էր, այլևս մեջը ապուր լցնել չէր լինի, այդքանը Լինան հրաշալի
հասկանում էր, չնայած նա առանձնապես շատ բան չէր հասկանում:
Սակայն Էմիլի մայրիկն ավելի շատ Էմիլի համար էր անհանգստացած:
— Աստված իմ, ո՞նց ենք տղային հանելու միջից: Գուցե օջախի կրակխառնիչով խփենք-ջարդենք
ապուրամանը:
— Խելքդ թռցրել ե՞ս,— զայրացավ Էմիլի հայրիկը:— Դրան չորս կրոնա եմ տվել:
— Սպասեք՝ ես փորձեմ,— ասաց Ալֆրեդը, որ ուժեղ ու խելքը գլխին բատրակ
էր:
— Նա բռնեց ապուրամանի կանթերից և այն վեր բարձրացնելով՝ թափ տվեց,
բայց կարծում եք՝ օգնե՞ց: Էմիլն էլ հետը հայտնվեց օդում: Քանի որ
ապուրամանն իրոք ամուր էր նստած նրա գլխին: Եվ սկսեց ոտքերը դեսուդեն
թափ տալ, որպեսզի նորից իջեցնեն գետնին:
— Թող… իջացրու… բաց թող, ասում եմ,— գոռում էր նա: Եվ Ալֆրեդը ստիպված
նրան գետնին դրեց:
Բոլորը մտահոգ էին: Նրանք կանգնել էին խոհանոցում՝ Էմիլի շուրջն ու
մտածում էին՝ Անտոն հայրիկը, Ալմա մայրիկը, փոքրիկ Իդան, Ալֆրեդն ու
Լինան: Եվ չէին կարողանում Էմիլին ապուրամանից ազատելու որևէ հարմար
տարբերակ մտածել:
— Տեսե՛ք, Էմիլը լաց է լինում,— ասաց Իդան ու ցույց տվեց ապուրամանի տակից Էմիլի այտերով
դանդաղորեն սահող երկու խոշոր արցունքի կաթիլներր:
— Ես չեմ,— ասաց Էմիլը:— Ապուրի վերջին կաթիլներն են:
Նրա ձայնից զգացվեց, որ նա կոտր ընկնողներից չէր, չնայած հաստատ ապուրամանի մեջ մնալն
առանձնապես զվարճալի չէր: Իսկ եթե երբեք չկարողանա ազատվե՞լ ապուրամանից: Խե՜ղճ Էմիլ, տեսնես,
ե՞րբ կկարողանա նորից գլխին քաշել իր սիրելի «գդակը»:
Էմիլի մայրիկը շատ էր խղճում իր փոքրիկ տղային: Նա նորից առաջարկեց կոտրել ապուրամանը, բայց
հայրիկն ասաց.
— Ոչ մի դեպքում: Ապուրամանին չորս կրոնա եմ տվել, որ ջարդե՞մ: Ավելի լավ է՝ նրան բժշկի տանենք՝
Մարիանելունդ: Բժիշկը կկարողանա հանել: Երեք կրոնա կտանք այցելության համար և այդպես մեկ կրոնա
կշահենք:
Էմիլի մայրիկի կարծիքով շատ հնարամիտ լուծում էր: Մարդ ամեն օր մեկ ամբողջ կրոնա վաստակելու
հնարավորություն չի ունենում: Ինչքան հրաշալի բաներ կարելի էր գնել այդ փողով, օրինակ՝ փոքրիկ Իդայի
համար, որը տանն էր մնալու, երբ Էմիլին տանեին բժշկի:
Քաթհուլտում իրարանցում սկսվեց: Էմիլին պետք էր տեսքի բերել՝ լողացնել և ամենագեղեցիկ շորերը
հագցնել: Մազերը սանրել, պարզ է, հնարավոր չէր, ինչպես նաև ականջները մաքրել, ինչի կարիքը, իհարկե,
հաստատ զգացվում էր: Մայրիկն իհարկե փորձեց ցուցամատը խցկել ապուրամանի արանքից, որ մի լավ
քչփորի Էմիլի ականջները, բայց այդ փորձը վատ վերջ ունեցավ, քանի որ մայրիկի մատն էլ մնաց
ապուրամանի տակ:
— Ըհը, էս էլ էստեղ,— ասաց փոքրիկ Իդան, իսկ հայրիկն ուղղակի կատաղեց, չնայած առհասարակ նա
բավական հանգիստ մարդ էր:
— Էլ ուրիշ ոչ մեկ չի՞ ուզում ապուրամանի տակ հայտնվել,— բղավեց նա:— Խնդրեմ, հիմա՛ համեցեք, որ ես
ամենամեծ սայլը լծեմ ու ամբողջ Քաթհուլտը միանգամից Մարիանելունդ բժշկի տանեմ:
Մայրիկը կարգին տանջվելուց հետո հաջողացրեց մատը դուրս քաշել:
— Ականջներդ մաքրելուց լավ պրծար, հա, Էմի՛լ,— ասաց նա՝ մատին փչելով:
Ապուրամանի եզրի տակից գոհունակության ժպիտ նկատվեց, և Էմիլն ասաց.
— Էդ էլ ապուրամանի տված ամենամեծ օգուտը: Սակայն այդ ընթացքում Ալֆրեդն արդեն լծել էր սայլն ու
բերել կանգնեցրել շքամուտքի դիմաց: Էմիլը դուրս եկավ, որ նստի: Նա այնքան գեղեցիկ էր իր զոլավոր
կիրակնօրյա հագուստով ու սև կոշիկներով, և գլխին՝ ապուրամանը, ինչը, իհարկե, գուցե և մի քիչ անսովոր
տեսք էր տալիս նրան, սակայն քանի որ ծաղկազարդ էր ու շքեղ, ոնց որ մի տեսակ նորաձև ամառային
գլխարկ լիներ: Եվ միակ բանը, որ զարմանալի էր թվում, այն էր, որ ապուրամանը Էմիլի աչքերից
չափազանց ներքև էր իջած:
Այսպիսով՝ նրանք պիտի ճանապարհ ընկնեին դեպի Մարիանելունդ:
— Փոքրիկ Իդային լա՛վ նայեք, մինչև գանք,— բղավեց Էմիլի մայրիկը: Նա առջևում էր նստած՝ հայրիկի
կողքին: Հետևի նստարանին նստած էր Էմիլն իր ապուրամանով: Կողքին էլ իր «գդակն» էր դրել: Տուն
վերադառնալիս ոնց կլիներ, որ գլխին ոչինչ դրած չլիներ: Ինչ հրաշալի էր, որ «գդակը» չմոռացավ:
— Ի՞նչ եփեմ ընթրիքին,— բղավեց Լինան, երբ սայլը տեղից շարժվեց:
— Ինչ կուզես,— գոռաց Էմիլի մայրիկը:— Իմ գլուխը հիմա շատ խառն է:
— Ուրեմն մսով ապուր կեփեմ,— ասաց Լինան:
Սակայն նույն պահին տեսնելով ճանապարհի ոլորանում անհետացող մի ծաղկազարդ գունդ հիշեց
առավոտվա պատահածը: Նա տխուր շրջվեց դեպի Ալֆրեդն ու փոքրիկ Իդան:
— Չէ, փոխարենը պիտի բավարարվենք բոքոնով ու խոզի մսով,— ասաց նա:
Էմիլը մի քանի անգամ եղել էր Մարիանելունդում։ Նա շատ էր սիրում նստել սայլակառքի ամենաբարձր
մասում ու նայել ինչպես է ճանապարհը փոփոխվում, ինչպես են սահելով անցնում ագարակները և
ագարակներում ապրող երեխաներն ու դարպասներից հաչացող շներն ու գոմերում հանգիստ որոճացող
ձիերն ու կովերը: Բայց այս անգամ այդքան հաճելի չէր: Նա նստած էր, ապուրամանը գլխին, ու տեսնում էր
միայն սեփական կոշիկների ծայրերը, որ հազիվ էին երևում ապուրամանի եզրի նեղլիկ արանքից: Ամբողջ
ընթացքում նա ստիպված էր հարցնել հորը. «Որտե՞ղ ենք հիմա: Բլիթների ագարակն անցե՞լ ենք արդեն:
Չհասա՞նք դեռ խոզերի բակին»:
Էմիլն իրենց ճանապարհին ընկած բոլոր ագարակներին ու բակերին անուններ էր դրել: Բլիթների
ագարակն այդպես էր անվանել, որովհետև մի անգամ կողքով անցնելիս երկու փոքրիկ գնդլիկ երեխա էր
տեսել իրենց դարպասի առջև բլիթներ ուտելիս: Կամ խոզերի բակն այդպես էր կոչվում զվարճալի
խոճկորիկի պատճառով, որի մեջքը Էմիլը հնարավորության դեպքում քորում էր:
Սակայն այժմ Էմիլը, մռայլ նստած, նայում էր կոշիկների ծայրերին և ո՛չ բլիթներ էր տեսնում, ոչ զվարճալի
խոզուկների, և զարմանալի չէր, որ անընդհատ ձանձրացնում էր իր հարցերով. «Դե՛, ո՞ւր հասանք: Դե՛,
չե՞նք հասնում վերջապես Մարիանելունդ»:
Բժշկի սպասասենյակում արդեն բազմաթիվ սպասողներ կային, երբ մտավ Էմիլը՝ ապուրամանը գլխին:
Բոլոր ներկաներն անասելի կարեկցանքով նայեցին տղային: Նրանք հասկացան, որ դժբախտություն է
պատահել: Միայն մի չար ծերուկ սկսեց հռհռալ, հռհռալ առանց դադարի, ասես ապուրամանի մեջ մնալը
զվարճալի բան էր:
— Հո, հո, հո,— ասաց ծերուկը,— ականջներդ հաստատ մրսում են:
— Չէ,— ասաց Էմիլը:
— Բա էդ փափախը ինչի՞ ես գլխիդ քաշել,— շարունակում էր ծերուկը:
— Որ ականջներս չմրսեն,— կատակեց Էմիլը: Ինչու ինքն էլ չզվարճանար, ի՞նչ անենք, թե փոքր էր: Բայց այդ
ժամանակ Էմիլին տարան բժշկի մոտ, իսկ բժիշկը չծիծաղեց: Միայն ասաց.
— Բարև, բարև: Այդ ի՞նչ ես անում ներսում:
Էմիլը, բնականաբար, չէր տեսնում բժշկին, բայց ամեն դեպքում պետք էր նրան բարևել, այդ իսկ
պատճառով հնարավորինս առաջ խոնարհվեց՝ ապուրամանը գլխին: Եվ ապուրամանը կոտրվեց:
«Շրը՛խկ»,— ասաց այն և երկու կես եղավ: Քանի որ Էմիլը խոնարհվելուց գլուխը խփել էր բժշկի սեղանին:
— Կորավ իմ չորս կրոնան,— շշնջաց Էմիլի հայրիկը մայրիկին: Սակայն բժշկի ականջից չվրիպեց դա:
— Այո՛, բայց դուք, այնուամենայնիվ, մեկ կրոնա շահեցիք,— ասաց նա:— Որովհետև ես սովորաբար հինգ
կրոնա եմ վերցնում տղաներին ապուրամանների միջից ազատելու համար: Իսկ նա այդ հարցն ինքնուրույն
լուծեց:
Էմիլի հայրիկը գոհ մնաց և շատ շնորհակալ էր Էմիլից, որ նա շրխկացրել էր ապուրամանն ու մեկ կրոնա
աշխատել: Նա արագ վերցրեց ջարդված ապուրամանը, Էմիլին ու Էմիլի մայրիկին և շտապ դուրս եկավ:
Բայց երբ նրանք փողոցում հայտնվեցին, Էմիլի մայրիկն ասաց.
— Հապա մտածի՛ր, մենք նորից մի ամբողջ կրոնա վաստակեցինք: Ի՞նչ կարող ենք գնել դրանով:
— Ոչ մի բան չենք գնելու,— ասաց Էմիլի հայրիկը:— Տնտեսելու ենք: Բայց արդարացի կլինի, որ Էմիլին հինգ
օրե տանք, որ գցի իր գանձանակը:
Եվ նա դրամապանակից հինգ օրե հանեց և մեկնեց Էմիլին: Կարո՞ղ ես գուշակել՝ ինչքան ուրախացավ
Էմիլը:
Ապա նորից ճանապարհ ընկան, այժմ դեպի տուն՝ Լյոնեբերգա։ Էմիլը գոհ նստած էր հետևի նստարանին՝
հինգ օրեն ափի մեջ սեղմած, «գդակը» գլխին, և նայում էր բոլոր երեխաներին ու շներին, ձիերին ու կովերին
և խոզերին, որ հանդիպում էին ճանապարհին: Եթե Էմիլը հասարակ երեխա լիներ, այդ օրը այլևս ոչինչ չէր
պատահի: Բայց թանի որ Էմիլը հասարակ երեխա չէր, գուշակի՛ր, թե ինչ արեց նա: Նա մետաղադրամը
բերանն էր դրել, և երբ նրանք անցնում էին խոզերի բակով, ծնողները հետևի նստարանից տարօրինակ
ձայն լսեցին: Էմիլը հանկարծ կուլ էր տվել մետաղադրամը:
— Վայ,— ասաց Էմիլը,— հանկարծ եղավ:
Խեղճ Էմիլի մայրիկը նորից իրար անցավ:
— Տեր իմ աստված, ոնց ենք հինգ օրեն հանելու տղայի միջից: Պիտի նորից քշենք բժշկի մոտ:
— Հա, էլի, էս ի՜նչ լավ հաշվեցիր,— զայրացավ Էմիլի հայրիկը:— Մենք պիտի բժշկին հինգ կրոնա վճարենք,
որ հետ ստանանք հինգ օրեն: Դու դպրոցում թվաբանությունից ի՞նչ ես ստացել:
Էմիլը շատ հանգիստ էր: Նա, փորին թփթփացնելով, ասաց.
— Ես կարող եմ ինքս իմ սեփական գանձանակը դառնալ, և հինգ օրեն փորումս լրիվ ապահով կլինի, ոնց որ
տան գանձանակում: Որովհետև դրա միջից էլ փողը հանել չի ստացվում: Նույնիսկ խոհանոցի մեծ
դանակով եմ փորձել, էնպես որ հաստատ գիտեմ:
Բայց Էմիլի մայրիկը չէր հանձնվում: Նա անպայման ուզում էր բժշկի մոտ վերադառնալ:
— Ես ձայն չհանեցի այն անգամ, երբ Էմիլը կուլ էր տվել շալվարի բոլոր կոճակները,— հիշեցրեց նա Էմիլի
հայրիկին: — Բայց հինգ օրեն շատ ավելի դժվարամարս է, դա կարող է վատ վերջանալ, հավատա ինձ:
Եվ նրան հաջողվեց անհրաժեշտ չափով վախեցնել Էմիլի հայրիկին, որ նա համաձայնեց շրջել ձիուն դեպի
Մարիանելունդ: Քանի որ Էմիլի հայրիկը, անշուշտ, նույնպես անհանգիստ էր իր տղայի համար:
Նրանք շնչակտուր հասան բժշկի մոտ:
— Ինչ-որ բան եք մոռացե՞լ,— հարցրեց բժիշկը:
— Չէ, պարզապես Էմիլը հինգօրեանոց է կուլ տվել,— բացատրեց Էմիլի հայրիկը:— եթե բժիշկը կցանկանար
նրան մի թեթև վիրահատել… չորս կրոնայով կամ մոտավորապես… հինգ օրեն էլ Ձեզ կպահեք:
Բայց այդ խոսքի վրա Էմիլը քաշեց հոր պիջակի փեշն ու շշնջաց.
— Չփորձե՛ս: Էդ իմ փողն է:
Բժիշկն էլ, իհարկե, չէր պատրաստվում Էմիլի միջից ոչ մի հինգօրեանոց հանելու: Նա բացատրեց, որ
վիրահատության կարիք ամենևին չկա: Մետաղադրամը մի թանի օրից ինքն իրեն հայտնվելու է:
— Բայց վատ չէր լինի, որ դու մի հինգ հատ բուլկի ուտեիր,— ասաց բժիշկը,— որ քո հինգ օրեն մենակ չմնա
ու ստամոքսդ չքերի:
Այս բժիշկն ուղղակի օրհնյալ մարդ էր և ոչ էլ վարձ պահանջեց նրանցից: Էմիլի հայրիկն ուղղակի փայլում
էր երջանկությունից, երբ նորից հայտնվեց դրսում Էմիլի ու Էմիլի մայրիկի հետ:
Սակայն Էմիլի մայրիկն անմիջապես ուզեց գնալ Ֆրյոկեն Անդերսոնների հրուշակեղենի խանութն ու հինգ
հատ բուլկի գնել Էմիլի համար:
— Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել,— կտրականապես հրաժարվեց Էմիլի հայրիկը:— Մենք տանն էլ
բուլկի ունենք:
Էմիլը մի պահ մտածեց: Նա հաշվելուց շատ լավ էը, բացի այդ՝ նաև իրոք սոված էր, ուստի ասաց.
— Փորիս մեջ հինգ օրե կա: Եթե միայն կարողանայի այն հանել, ինքս իմ բուլկիները կառնեի:
Ապա մի քիչ մտածելուց հետո ասաց.
— Հայրի՛կ, չէի՞ր կարող ինձ մի քանի օրով պարտքով հինգ օրե տալ: Պարզից էլ պարզ է, դու հետո հաստատ
փողդ հետ կստանաս:
Էմիլի հայրիկը զիջեց, և նրանք գնացին Ֆրյոկեն Անդերսոնների հրուշակեղենի խանութն ու Էմիլի համար
հինգ համեղ բուլկի գնեցին՝ կլորիկ ու կարմրաթուշ, վրան շաքարավազ ցանած: Էմիլն ակնթարթորեն
խփշտեց դրանք:
— Էս ամենալավ դեղն էր, որ կյանքումս ինձ նշանակել են,— ասաց նա:
Իսկ Էմիլի հայրիկը հանկարծ այնպես ոգևորվեց ու աշխուժացավ, որ ուղղակի գլուխը կորցրեց:
— Այսօր մենք ամեն դեպքում կարգին փող տնտեսեցինք,— ու առանց երկար-բարակ մտածելու հինգ օրեի
սպիտակ ու կարմիր անանուխի կոնֆետ գնեց տանը մնացած փոքրիկ Իդայի համար:
Նկատի ունեցիր, որ այս ամենը կատարվում էր այն ժամանակներում, երբ երեխաներն այնքան հիմար ու
անհեռատես էին, որ բոլորովին չէին մտահոգվում, հետո ատամ կունենան, թե չէ: Բայց մեր օրերում
Լյոնեբերգայի երեխաներն այլևս կոնֆետ չեն ուտում, և, այսպիսով, ատամներն առողջ են մնում:
Հետո քաթհուլտցիները վերադարձան իրենց Քաթհուլտը: Դռնից ներս մտնելով՝ Էմիլի հայրիկն իսկույն՝
առանց պիջակն ու գլխարկը հանելու, վերցրեց ու սոսնձեց ապուրամանը: Առանձնապես բարդ գործ չէր,
որովհետև այն ընդամենը երկու կես էր եղել: Լինան այնպես ուրախացավ, որ սկսեց ցատկոտել և
անմիջապես ձայն տվեց բակում ձիուն արձակող Ալֆրեդին.
— Քաթհուլտում արդեն նորից կարող են մսապուր ուտել:
Այո, Լինան վստահ էր: Որովհետև մոռացել էր Էմիլին: Այդ երեկո Էմիլը, որքան էլ տարօրինակ էր,
չափազանց շատ խաղաց փոքրիկ Իդայի հետ: Էմիլը բացատում՝ գլաքարերի մեջ տնակ էր սարքել նրա
համար: Իդային այն շատ էր դուր եկել: Եվ Էմիլն ընդամենը մի քանի անգամ կսմթեց նրան միայն անանուխի
կոնֆետ ուզելիս:
Շուտով մթնեց, և Էմիլն ու Իդան պատրաստվում էին անկողին մտնելու: Նրանք խոհանոց մտան, որ
տեսնեն, թե այնտե՞ղ էր արդյոք մայրիկը: Բայց մայրիկն այնտեղ չէր: Խոհանոցում մարդ չկար: Միայն
ապուրամանն էր: Այն նոր սոսնձված ու գեղեցիկ դրված էր սեղանին: Էմիլն ու Իդան կանգնեցին ու նայեցին
այդ նշանավոր ապուրամանին, որ ամբողջ օրը ճամփորդել էր:
— Պատկերացրու, հասել է Մարիանելունդ,— ասաց փոքրիկ Իդան, ապա ավելացրեց.— էդ ո՞նց արեցիր,
Էմի՛լ, որ գլուխդ մտավ ապուրամանի մեջ:
— Հատուկ բան չարեցի,— ասաց Էմիլը,— պարզապես էսպես:
Նույն պահին Էմիլի մայրիկը խոհանոց մտավ: Առաջինը, ինչ որ տեսավ, Էմիլն էր՝ ապուրամանը գլխին
կանգնած: Էմիլը փորձում էր գլխից պոկել ապուրամանը, փոքրիկ Իդան ճչում էր, Էմիլը՝ նույնպես:
Որովհետև նորից ծուղակն էր ընկել, հիմնավորապես, ինչպես առավոտյան:
Այդ ժամանակ մայրիկը ձեռքն առավ կրակխառնիչն ու այնպես խփեց ապուրամանին, որ ձայնը լսվեց
ամբողջ Լյոնեբերգայում: Բընգ, և ապուրամանը հազար կտոր եղավ: Եվ փշուրները տեղատարափ անձրևի
նման թափվեցին Էմիլի վրա:
Էմիլի հայրիկը, գոմից լսելով ջարդվող սպասքի ձայնը, տուն շտապեց և խոհանոցի շեմին քարացավ: Նա,
լուռ կանգնած, նայեց Էմիլին ու ջարդված կտորտանքներին և կրակխառնիչին, որ Էմիլի մայրիկի ձեռքին
էր:
Էմիլի հայրիկը ոչ մի բառ չասաց: Նա միայն շրջվեց ու նորից գնաց գոմ:
Սակայն երկու օրից նա ստացավ Էմիլից դուրս եկած հինգ օրեն, որից, թերևս, մի թեթև մխիթարվեց:
Ահա, հիմա դու մոտավորապես պատկերացում կազմեցիր Էմիլի մասին: Մայիսի 22-ն էր՝ երեքշաբթի, երբ
ապուրամանի դեպքը պատահեց: Բայց գուցե դու կուզենաս լսել մեկ պատմություն ևս:
ՀՈՒՆԻՍԻ 10, ԿԻՐԱԿԻ
Երբ Էմիլը փոքրիկ Իդային դրոշի ձողին բարձրացրեց
Կիրակի՝ հունիսի 10-ին, Քաթհուլտում խնջույք էին կազմակերպել: Բազմաթիվ հյուրեր էին սպասվում
Լյոնեբերգայից և այլ վայրերից: Էմիլի մայրիկը մի քանի օր զբաղված էր՝ կերակուրներ պատրաստելով:
— Թանկ է նստում այս ամեն ինչը,— ասաց Էմիլի հայրիկը:— Բայց եթե խնջույք ենք անելու, ուրեմն պիտի
ծախսենք: Ոչ մի ժլատություն: Չնայած մսագնդիկները կարելի էր մի քիչ փոքր անել:
— Ես մսագնդիկները հենց միջին չափի եմ անում,— պատասխանեց Էմիլի մայրիկը:— Միջին մեծության,
միջին կլորության ու տապակելիս միջին չափով էլ կարմրացնում եմ:
Դա էլ էր պատրաստել: Եվ բացի այդ՝ կողամիս ու հորթի մսով ռուլետ ու ծովատառեխով սալաթ ու
մարինացված ծովատառեխ ու խնձորի կարկանդակ ու մարինացված օձաձուկ ու շոգեխաշած
բանջարեղեն ու զանազան պուդինգներ ու երկու հսկայական կարկանդակ՝ պանիրով, և մի
առանձնահատուկ տեսակի երշիկ, որն այնքան համեղ էր, որ մարդիկ պատրաստ էին երկար ճանապարհ
կտրելու, անգամ Վիմերբիից ու Հուլտսֆրեդից գալու՝ այն համտեսելու համար: Էմիլը նույնպես շատ էր
սիրում այդ երշիկը: Իսկ այդ օրը իսկական խնջույք անելու օր էր: Արևը շողշողում էր, յասամաններն ու
խնձորենիները ծաղկել էին, օդը լցված էր թռչունների դայլայլով, և բլուրի վրա բազմած Քաթհուլտը երազի
պես գեղեցիկ էր: Այգին լավ խնամված էր, տան բոլոր անկյունները մաքրությունից փայլում էին, կերակուրը
պատրաստ էր, ոչ մի պակաս բան չկար: Սակայն, ոչ. մի բան կար:
— Վայ, մոռացել ենք դրոշը բարձրացնել,— հիշեց Էմիլի մայրիկը:
Էմիլի հայրիկն իսկույն գործի անցավ: Նա վազեց դեպի դրոշի ձողը, իսկ Էմիլն ու փոքրիկ Իդան կրնկակոխ
հետևեցին նրան: Նրանք ուզում էին տեսնել, թե ինչպես էր դրոշը հասնելու գագաթին:
— Կարծում եմ՝ հրավերքն ուրախ կանցնի,— ասաց Էմիլի մայրիկը Լինային, երբ նրանք մենակ մնացին
խոհանոցում:
— Հա, բայց ավելի ապահով չէ՞ր լինի, եթե Էմիլին նախօրոք փակի տակ դնեիք,— առաջարկեց Լինան:
Էմիլի մայրիկը հանդիմանանքով նրան նայեց, սակայն ոչինչ չասաց:
Լինան ուսերը թոթվեց ու մռթմռթաց.
— Ոնց կուզեք, ձեր գործն է: Վերջը լավ լինի:
— Էմիլը փոքրիկ անուշիկ տղիկ է,— շատ վճռական ասաց Էմիլի մայրիկը: Խոհանոցի պատուհանից երևում
էր՝ ինչպես է այդ անուշիկ տղիկը վազվզում ու խաղում իր փոքրիկ քրոջ հետ: «Նրանք երկուսն էլ ասես
փոքրիկ հրեշտակներ լինեն,— մտածեց Էմիլի մայրիկը,— Էմիլը՝ իր կիրակնօրյա զոլավոր հագուստով ու
սիրած գլխարկը՝ շեկլիկ մազերին, և Իդան՝ նոր կարմիր զգեստով և թմբլիկ փորիկին կապած սպիտակ
գոտիով»:
Էմիլի մայրիկը ժպտաց: Ապա անհանգիստ նայեց ճանապարհին ու ասաց.
— Գոնե Անտոնը հասցնի դրոշը բարձրացնել, որովհետև մեր հյուրերն ամեն վայրկյան կարող են ժամանել:
Կարծես թե այդ հարցը կարելի էր արդեն լուծված համարել: Սակայն պատկերացնո՞ւմ ես՝ ի՜նչ
անախորժություն պատահեց: Երբ Էմիլի հայրիկը արդեն պատրաստվում էր դրոշը բարձրացնելու,
փարախից շնչակտուր եկավ Ալֆրեդն ու բղավեց կատարյալ սմոլանդերեն բարբառով.
— Կովը ծնո՜ւմ է, կովը ծնո՜ւմ է:
Դե՛ իհարկե, Բրուկան էր, ա՛յ քեզ դավադիր կով, որ պիտի անպատճառ հենց այն ժամանակ ծներ, երբ
բոլորը վազքի մեջ են, իսկ դրոշն էլ դեռ նոր պիտի ծածանվեր քամուց:
Էմիլի հայրիկը ստիպված ամեն ինչ թողեց ու նետվեց գոմ: Բայց Էմիլն ու Իդան մնացին դրոշի ձողի մոտ:
Իդան գլուխը որքան կարող էր հետ տարավ, որ տեսնի ձողի ծայրի ոսկեզօծ գունդը:
— Ի՜նչ բարձր է,— ասաց նա:— էնտեղից հաստատ կերևա մինչև Մարիանելունդ:
Էմիլը մտածեց: Սակայն ոչ շատ երկար:
— Կարող ենք հենց հիմա ստուգել,— ասաց նա:— Կուզե՞ս քեզ բարձրացնեմ էնտեղ:
Փոքրիկ Իդան ծիծաղեց. օ՜, ինչ բարի է Էմիլը ու ինչ զվարճալի բաներ է միշտ հորինում:
— Հա, շատ կուզեմ Մարիանելունդը տեսնել,— ասաց փոքրիկ Իդան:
— Դե որ ուզում ես, ուրեմն կտեսնես,— բարեսրտորեն ասաց Էմիլը: Հետո վերցրեց կեռիկը, որից պիտի
կախվեր դրոշը, ու ամրացրեց Իդայի գոտուց: Ապա երկու ձեռքով բռնեց դրոշի պարանը:
— Դե՛, բարի երթ,— ասաց Էմիլը:
— Հի՜, հի՜, հի՜,— ասաց փոքրիկ Իդան:
Եվ պարանը բարձրացավ՝ իր հետ բարձրացնելով փոքրիկ Իդային: Եվ հասցրեց ընդհուպ մինչև գագաթը:
Հետո Էմիլը փաթաթելով ամրացրեց պարանը ճիշտ հայրիկի պես, քանի որ չէր ուզենա, որ Իդան ընկներ ու
վնասվեր: Իսկ քույրիկը մնաց վերևում՝ պարանից կախված:
— Տեսնո՞ւմ ես Մարիանելունդը,— գոռաց Էմիլը:
— Չէէէ՜,— գոռաց փոքրիկ Իդան,— մենակ Լյոնեբերգան:
— Է՛հ, մենակ Լյոնեբերգա՞ն… Դե՛ ուրեմն, իջի՛ր— բղավեց Էմիլը:
— Չէ՜, դեռ չէ,— պատասխանեց Իդան:— Ոչինչ, Լյոնեբերգային նայելն էլ զվարճալի է… Բայց, օյ, հյուրերը
գալիս են:
Եվ իրոք, հյուրերը եկան: Բակը մի ակնթարթում լցվեց սայլերով ու ձիերով, և հյուրերը խմբերով դարպասից
ներս մտան ու կամաց-կամաց շարժվեցին դեպի տուն: Առջևից գնում էր պերճաշուք ֆրու Պետրելր: Նա չէր
զլացել Վիմերբիից գալ հասնել իր փոքրիկ թեթև կառքով համտեսելու Ալմա մայրիկի հայտնի երշիկը: Ֆրու
Պետրելն իրոք շատ գեղեցիկ տիկին էր՝ գլխին փետրավոր գլխարկ, ինքն էլ առջևից ու հետևից պարարտ:
Ֆրու Պետրելը գոհունակությամբ շուրջն էր նայում: Քաթհուլտ ագարակը՝ արևի շողերով ողողված,
իսկապես գեղեցիկ էր՝ շրջապատված խնձորենիներով ու յասամաններով, օ՜, ամեն ինչ տոնական տեսք
ուներ, դրոշն էլ ծփում էր վերևում… Դե՛ իհարկե, դրոշը ծածանվում էր, որքանով որ կարողացավ տեսնել,
չնայած մի քիչ կարճատես էր:
Բայց դրոշը… Հանկարծ ֆրու Պետրելը, բոլորովին շփոթված, քարացավ:
— Այս ի՞նչ են իմացել այս Քաթհուլտի Սվենսոնները, մարդ ուղղակի ապշում է:
Էմիլի հայրիկը հենց այդ պահին դուրս եկավ գոմից, և ֆրու Պետրելը բղավեց նրան.
— Խնդրում եմ, Անտո՛ն, այս ի՞նչ է նշանակում: Ինչու եք բարձրացրել այդ դանիական լաթը:
Էմիլը կանգնած էր նրա կողքին, Նա չգիտեր, թե ինչ էր այդ «դանիական լաթը»: Տղան գաղափար անգամ
չուներ, որ այդպես է կոչվում դանիացիների կարմիր ու սպիտակ դրոշը, որը Դանիայի խորհրդանիշն է:
Սակայն նա հրաշալի գիտեր, որ իրենց դրոշի ձողին ծածանվող այդ կարմիր ու սպիտակ լաթն ամենևին էլ
«դանիական լաթ» չէր:
— Հի՜, հի՜, հի՜,— չկարողացավ ծիծաղը զսպել Էմիլը:— Դա ուղղակի փոքրիկ Իդան է:
Եվ Իդան էլ ծիծաղեց վերևից:
— Հի՜, հի՜, հի՜, այդ ես եմ,— գոչեց նա:— Ես տեսնում եմ ամբողջ Լյոնեբերգան:
Էմիլի հայրիկի ծիծաղը չէր գալիս: Նա իսկույն իջեցրեց փոքրիկ Իդային, իսկ նա ասաց.
— Հի՜, հի՜, հի՜, ես երբեք այսքան չէի զվարճացել, մեկ էլ, երբ Էմիլը ինձ գցել էր հապալասի մուրաբայի մեջ:
Նա հիշեց, երբ ինքն ու Էմիլը հնդկացի-հնդկացի էին խաղում, և Էմիլն իրեն մտցրել էր հապալասով լի
տաշտը, որ ինքը ոտքից գլուխ կարմրամորթ դառնա՝ հնդկացիների պես:
Եվ իրոք, Էմիլը վստահ էր, որ Իդան ուրախ էր: Սակայն ոչ ոք իրեն շնորհակալություն չհայտնեց դրա համար:
Ընդհակառակը: Հայրիկն ամուր բռնեց նրա թևից ու մի լավ թափ տվեց:
— Ինչ էի ասում,— ասաց Լինան՝ տեսնելով, թե ինչպես էր Էմիլի հայրիկն Էմիլին ցախատուն տանում:
Նրան չարությունների համար սովորաբար այնտեղ փակելով էին պատժում: Էմիլը գոռում ու լաց էր լինում:
— Բայց Իդան ինքն ուզեց տեսնել Մա… րի… անե… լու… ու… ունդը,— հեծկլտում էր նա:
Էմիլը կարծում էր, որ հայրը շատ անարդար է: Ոչ մեկը երբևէ չէր ասել Էմիլին, որ արգելված է փոքրիկ
Իդային Մարիանելունդը ցույց տալ: Եվ բոլորովին իր մեղքը չէր, որ Լյոնեբերգայից հեռու բան չէր երևում:
Էմիլը շարունակում էր լաց լինել: Սակայն միայն, քանի դեռ հայրը չէր փակել դուռն ու հեռացել: Եվ իսկույն
ձայնը կտրեց, երբ հայրը գնաց: Իրականում ցախանոցում շատ հաճելի էր: Այնտեղ զանազան տախտակներ
ու քոթուկներ կային, որոնցից կարելի էր տարբեր բաներ սարքել: Սովորաբար Էմիլը, երբ իրեն հերթական
չարության պատճառով փակում էին ցախանոցում, ամեն անգամ փայտից իր համար մի զվարճալի
մարդուկ էր տաշում: Արդեն հիսունչորս հատ ուներ, և կասկած չկար, որ դրանց թիվն ավելանալու էր:
— Թքած ունեմ իրանց էդ հոտած խնջույքի վրա,— ասաց Էմիլը:— Հայրիկն էլ թող ինքը դրոշը կախի, ոնց
կուզի: Ես իմ համար մի նոր մարդուկ կտաշեմ ու ինչքան կուզեմ, ինձ ջղային ու չար կպահեմ:
Էմիլը գիտեր, որ շուտով իրեն բաց կթողնեն: Նրան երբեք էլ երկար ժամանակով չէին փակում ցախանոցում:
— Միայն մինչև որ ինչպես հարկն է մտածես արածիդ մասին,— սովորաբար բացատրում էր հայրիկը,— որ
մյուս անգամ նման բան չանես:
Իսկ Էմիլն էլ այդ առումով շատ լսող էր և հազվադեպ էր նույն չարությունը կրկնում, որովհետև միշտ էլ մի
նոր բան էր հնարում:
Հիմա նա, ցախանոցում նստած, իր փայտե մարդուկին էր տաշտշում ու մտածում էր Իդայի չարության
մասին: Անելիքն արագ սպառվեց, քանի որ երկար մտածելու սովոր չէր, իսկ տաշելու գործում էլ վարժ ու
արագաշարժ էր:
Ապա ուզեց դուրս գալ: Բայց իր մասին կարծես բոլորովին մոռացել էին՝ իրենց խնջույքով տարված: Նա
սպասում ու սպասում էր, սակայն ոչ մեկը չէր գալիս: Այդ ժամանակ Էմիլը սկսեց մտածել ինչ-որ կերպ
ինքնուրույն ազատվելու մասին:
Միգուցե պատուհանի՞ց: Էմիլը ենթադրեց, որ առանձնապես դժվար չպիտի լիներ: Ճիշտ է, շատ բարձր էր,
բայց նա բարեհաջող բարձրացավ պատի տակ դարսած տախտակների վրայով և բացեց պատուհանը:
Էմիլն ուզեց ներքև ցատկել: Բայց տեսավ, որ պատուհանի տակ փարթամորեն աճել էր այդ զզվելի եղինջը:
Ահավոր կլիներ ցատկել ուղիղ այդ եղինջների մեջ: Էմիլը մի անգամ արդեն փորձել էր, պարզապես, որ
իմանար՝ ոնց է ծակծկում: Իսկ հիմա գիտեր և նորից կրկնելու ցանկություն չուներ: «Հո չե՞մ գժվել,— ասաց
նա,— ուրիշ ավելի լավ բան կմտածեմ»: Եթե դու մի անգամ եղած լինեիր Քաթհուլտի նման մի ագարակում,
կիմանայիր, թե խիտ կառուցված օժանդակ տնակներն ու շինություններն ինչ հրաշալի խառնաշփոթ են
առաջացնում: Այնտեղ հայտնվելով՝ մարդ ուղղակի պահմտոցի խաղալու անդիմադրելի ցանկություն է
ունենում: Քաթհուլտի ագարակում ախոռից, գոմից, խոզանոցից, հավաբնից, փարախից բացի՝ կային նաև
բազմաթիվ այլ տնակներ ու պահեստներ: Կար ապխտարան, որտեղ Էմիլի մայրիկն ապխտում էր իր համեղ
երշիկները, և լվացքատուն, որտեղ Լինան լվացք էր անում, բացի այդ՝ մեջտեղից կիսած ես երկու տնակ
կար՝ իրար կողք-կողքի: Մեկում ցախանոցն էր ու հյուսնոցը, իսկ մյուսում՝ սպիտակեղեն արդուկելու
սենյակն ու մթերքների պահեստը՝ մառանը:
Էմիլն ու փոքրիկ Իդան երեկոները սովորաբար պահմտոցի էին խաղում և թաքնվում այդ բոլոր տնակների
արանքում: Սակայն, իհարկե, ոչ այնտեղ, որտեղ եղինջ էր աճում:
Իսկ հիմա Էմիլը ոչինչ չէր կարող խաղալ: Նա փակված էր և չէր կարող դուրս գալ միայն այն պատճառով,
որ ցախատան ու մառանի միջև միայն եղինջ էր աճում: Էմիլը մտածում էր: Նա տեսավ, որ մառանի
պատուհանը բաց է, և հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց: Շատ պարզ՝ ցախանոցի ու մառանի
պատուհանների միջև մի տախտակ դնել ու վրայով սողալով անցնել մառան: Նա արդեն իսկապես հոգնել
էր ցախանոցից, համ էլ սկսում էր սովածանալ:
Էմիլը երբեք երկար չէր մտածում, երբ մի լավ գաղափար էր ծնվում: Մի վայրկյանից տախտակը դրված էր,
ու Էմիլը սողալով շարժվում էր առաջ: Նրա արածը շատ վտանգավոր էր, քանի որ տախտակը նեղ էր, իսկ
ինքը՝ ծանր: «Եթե ամեն ինչ լավ վերջանա, ես իմ թելով շարժվող մարդուկին կտամ Իդային, խոստանում
եմ»,— ասաց Էմիլը՝ առաջ սողալով: Տախտակն ահավոր ճկվում էր, իսկ երբ Էմիլը տեսավ եղինջներն
անմիջապես իր տակ, վախից սկսեց է՛լ ավելի ճոճվել:
— Օգնություն,— բղավեց Էմիլն ու կորցրեց հավասարակշռությունը:
Նա արդեն ընկնում էր ուղիղ եղինջների մեջ, երբ վերջին պահին հասցրեց ոտքով կառչել տախտակից ու
մի կերպ հաջողեցրեց նորից վրան բարձրանալ: Հետո մնացած ճանապարհը բարեհաջող անցնելով՝
հասավ մառանի պատուհանին:
— Դե՛, առանձնապես մի դժվար բան չէր,— ասաց Էմիլը:— Բայց ես ամեն դեպքում Իդային կտամ իմ թելով
շարժվող մարդուկին… երևի… մի ուրիշ անգամ… դե, երբ արդեն հալից կընկնի… հա՛, դե՛ լավ, հետո կորոշեմ:
Նա ամբողջ ուժով այնպես հետ հրեց տախտակը, որ այն հետ սահեց դեպի ցախատուն, քանի որ Էմիլն
ամեն ինչում կարգուկանոն Էր սիրում: Հետո վազեց դեպի դուռն ու բռնեց բռնակը: Դուռը փակ էր:
— Էդպես էլ գիտեի,— ասաց Էմիլը:— Բայց հաստատ մեկը կգա՝ էստեղից երշիկ տանելու, ու ես գիտեմ՝ ոնց
դուրս թռչեմ էստեղից:
Էմիլը, քիթը տնկած, հոտոտեց: Մառանում անուշ բույրեր էին: Դե իհարկե, այնքան համեղ բաներ կային
այնտեղ: Էմիլը շուրջը նայեց: Իրոք որ, ինչքան ուտելիք կար: Վերևում՝ առաստաղի տակ, երկար շարքով
կախված էին ապխտած ազդրերն ու «կարմիր հացի» արյունով պատրաստված կլոր երշիկների մի ամբողջ
շարան, քանի որ Էմիլի հայրիկը շատ էր սիրում այդ երշիկները՝ խոզի ճարպով ու սպիտակ սոուսով: Մի
անկյունում դրված էր հացի արկղը՝ ախորժաբույր բոքոններով լի, իսկ կողքին ծալովի սեղանն էր՝ դեղին
պանիրների գլուխներով ու թարմ կարագով լի կավե կճուճներով: Սեղանի հետևում աղ դրած խոզի ճարպով
լի փայտե տակառն էր, իսկ դրա կողքին՝ հսկայական պահարանը, որտեղ Էմիլի մայրիկը պահում էր իր մոռի
օշարակի շշերը, մարինացված վարունգներն ու իմբիրով տանձի մուրաբաներն ու ելակի մուրաբաները: Իսկ
մեջտեղի դարակում մայրիկը պահում էր իր համեղ երշիկները:
Ինչ-ինչ, երշիկ Էմիլը շատ էր սիրում: Քաթհուլտում խնջույքն ընթացքի մեջ էր: Հյուրերն արդեն թխվածքով
սուրճ էին խմում: Եվ այժմ, պարզապես նստած, սպասում էին, թե երբ են նորից սովածանալու, որպեսզի
անցնեն կողիկներին, ծովատառեխի սալաթին և մնացած ճաշատեսակներին:
Եվ երբ բոլորը նստած սպասում էին, Էմիլի մայրիկը հանկարծ բացականչեց.
— Վայ, բայց Էմիլին լրիվ մոռացել էինք: Այս անգամ շատ մնաց փակի տակ, խե՜ղճ փոքրիկ:
Էմիլի հայրիկը տեղնուտեղը վազեց ցախատուն, փոքրիկ Իդան էլ՝ հետևից:
— Դե՛, էմի՛լ, կարող ես դուրս գալ,— բղավեց Էմիլի հայրիկը՝ կրնկի վրա բացելով դուռը: Գուշակո՞ւմ ես ինչքան
զարմացավ նա: Էմիլն այնտեղ չէր:
— Պատուհանից է փախել անպիտանը,— համոզված ասաց հայրիկը:
Սակայն Էմիլի հայրիկը լրջորեն անհանգստացավ, երբ ներքև նայեց ու տեսավ անվնաս մնացած սլացիկ
եղինջները:
— Ինչ-որ բան էն չի,— ասաց նա: — Այստեղով ոչ մեկ չի անցել, համենայն դեպս՝ մարդու ոտք:
Այդ ժամանակ փոքրիկ Իդան սկսեց հեկեկալ: Տեսնես ի՞նչ է պատահել Էմիլին: Լինան հաճախ մի տխուր
երգ էր երգում: Այն մի աղջկա մասին էր, որ ազատվել էր մի ահավոր տակառի միջից, որի մեջ նրան փակել
էին, և սպիտակ աղավնի էր դարձել ու երկինք թռել: Էմիլն էլ էր փաստորեն փակի տակ, և, ո՞վ իմանա, գուցե
նա էլ է կերպարանափոխվել ու թռել գնացել: Փոքրիկ Իդան շուրջը նայեց՝ աղավնի տեսնելու ակնկալիքով:
Սակայն միակ թռչունը, որ երևաց, թմբլիկ սպիտակ հավն էր, որ ցախանոցի մոտակայքում քուջուջ էր
անում:
Փոքրիկ Իդան լաց լինելով ցույց տվեց հավին:
— Երևի սա է Էմիլը,— ասաց նա:
Էմիլի հայրիկն այդպես չէր կարծում: Բայց ապահովության համար վազեց Էմիլի մայրիկի մոտ, որ պարզի,
թե արդյոք նա երբևիցե նկատե՞լ է, որ Էմիլը կարողանում է թռչել:
Մայրիկը նման բան չէր նկատել: Եվ Քաթհուլտում իրարանցում սկսվեց: Խնջույքն ընդհատվեց: Բոլորը
դուրս թափվեցին՝ Էմիլին փնտրելու:
— Նա պետք է ցախանոցում լինի, ինքդ էլ գիտես,— ասաց Էմիլի մայրիկը, ու բոլորը ցախատուն վազեցին՝
ավելի ուշադիր նայելու:
Սակայն այնտեղ ոչ մի Էմիլ չկար: Միայն հիսունհինգ փայտե փոքրիկ մարդուկ, որ շարքով կանգնած էին
դարակի վրա: Ֆրու Պետրելը երբեք մի տեղում այդքան շատ մարդուկներ չէր տեսել և հետաքրքրվեց, թե
ով է դրանք պատրաստել:
— Մեր փոքրիկ Էմիլը, ուրիշ ո՞վ,— ասաց Էմիլի մայրիկն ու սկսեց արտասվել:— Նա հազվագյուտ փոքրիկ
տղա է:
— Դե՛ հա,— ասաց Լինան ու գլուխը ցնցեց: Իսկ հետո մաքուր սմոլանդերեն բարբառով ասաց, որ ավելի լավ
կլիներ նրան մառանում փնտրել:
Ամենևին էլ հիմար միտք չէր՝ հաշվի առնելով, որ Լինայի գլխում էր ծագել: Բոլորը խուժեցին մառան: Սակայն
Էմիլն այնտեղ չէր:
Փոքրիկ Իդան լուռ ու անմխիթար լալիս էր, իսկ երբ ոչ ոք չէր նայում, մոտենում էր սպիտակ հավին ու
շշնջում.
— Չթռչես երկինք, խնդրում եմ, Էմի՛լ: Ես քեզ ուզածիդ չափ կուտ կտամ ու ջուր, մենակ թե մնա
Քաթհուլտում:
Բայց հավը ոչինչ չուզեց խոստանալ: Նա կչկչաց ու գնաց իր ճանապարհով:
Այո, Քաթհուլտի խեղճ ժողովուրդը փնտրում ու փնտրում էր: Ցախանոցում ու լվացքատանը, սակայն ոչ մի
տեղ Էմիլին չէր գտնում: Ախոռում ու գոմում ու խոզանոցում… այնտեղ էլ չկար: Փարախում, հավանոցում ու
ապխտարանում… այնտեղ էլ չէր: Ապա նայեցին ջրհորի մեջ: Էմիլին այնտեղ էլ չգտան, ինչը, անշուշտ, լավ
էր, բայց հիմա արդեն բոլորով միասին լաց եղան: Իսկ լյոնեբերգացիները, որոնք հրավիրված էին խնջույքին,
շշնջում էին իրար.
— Նա իրականում հազվագյուտ երեխա էր, ախ, այդ Էմիլը: Նա բոլորովին էլ չար չէր… Ո՜չ, ես երբեք էլ այդպես
չեմ ասել:
— Գուցե գե՞տն է ընկել,— ասաց Լինան:
Քաթհուլտի գետակը արագահոս էր ու աղմկոտ և բավական վտանգավոր, այնպես որ փոքրիկ երեխաները
կարող էին հեշտությամբ խեղդվել:
— Այնտեղ գնալն արգելված էր, դու լավ գիտես դա,— խստորեն ասաց Էմիլի մայրիկը:
Լինան գլուխը թափ տվեց:
— Դե, հենց դրա համար էլ գնացել է,— պնդեց նա:
Այդ ժամանակ բոլորը վազեցին դեպի գետը: Բարեբախտաբար, այնտեղ էլ Էմիլին չգտան, բայց,
այնուամենայնիվ, էլ ավելի դառը լաց եղան: Նաև Էմիլի մայրիկը, որ կարծում էր, թե ուրախ ու հաճելի
խնջույք կլինի:
Այլևս տեղ չէր մնացել, որտեղ Էմիլին փնտրած չլինեին:
— Ի՞նչ ենք հիմա անելու,— հուսահատվեց Էմիլի մայրիկը:
— Ամեն դեպքում լավ կլինի, համենայն դեպս, մի բան ուտենք,— ասաց Էմիլի հայրիկը, և նա իրավացի էր,
քանի որ բոլորը տխրելու ու փնտրելու ընթացքում հասցրել էին սովածանալ:
Էմիլի մայրիկն անմիջապես սկսեց սեղան դնել: Մինչև ծովատառեխի սալաթը սեղանին զբաղեցրեց իր
տեղը, Էմիլի մայրիկը հասցրեց նրա մեջ մի քիչ աղի արցունք թափել, բայց և այնպես սեղանին իրար կողքի
շարվեցին կողամիս ու հորթի մսով ռուլետ ու պանրով կարկանդակներն ու մնացած ճաշատեսակները:
Ֆրու Պետրելի բերանի ջրերը գնացին: Ամեն ինչ այնքան խոստումնալից տեսք ուներ: Չնայած նա դեռ
անհանգիստ հայացքով երշիկն էր փնտրում:
Սակայն հենց այդ պահին Էմիլի մայրիկը հիշեց.
— Լինա, երշիկն ենք մոռացել: Վազի՛ր, շո՛ւտ բեր:
Լինան վազեց: Բոլորն անհամբեր սպասում էին, իսկ ֆրու Պետրելը գոհունակությամբ գլխով արեց:
— Երշի՜կը, այո՛,- ասաց նա:— Այն շատ տեղին կլինի այս ամբողջ վշտի ու տառապանքի մեջ:
Այդ պահին Լինան վերադարձավ, բայց առանց երշիկի:
— Հետևիցս եկե՛ք բոլորդ, ես ձեզ այնպիսի բան ցույց կտամ,— ասաց նա:
Ճիշտ է, նրա տեսքը մի քիչ տարօրինակ էր, սակայն այդպես հաճախ էր պատահում, այնպես որ չարժեր
ուշադրության արժանացնել:
— Ի՞նչ մի հիմարություն ես գտել,— խստորեն ասաց Էմիլի մայրիկը:
Լինան էլ ավելի տարօրինակ տեսք ընդունեց ու քթի տակ լուռ ու մի քիչ տարօրինակ ծիծաղեց:
— Եկեք հետևիցս,— ասաց նա:
Եվ բոլորը հետևեցին նրան, բոլորը, ովքեր եկել էին Քաթհուլտ՝ խնջույքի:
Լինան քայլում էր առջևից, իսկ մյուսներն անզուսպ հետաքրքրասիրությամբ նրան էին հետևում դեպի
մառան:
Ամբողջ ճանապարհին նրանք լսում էին՝ ինչպես էր նա քթի տակ ծիծաղում: Վերջապես Լինան բացեց
մառանի ծանր դուռն ու անցավ բարձր շեմից, և մնացածը հետևեցին նրան, ապա բոլորին տարավ խոշոր
պահարանի մոտ, շրխկոցով բացեց դուռն ու մատով ցույց տվեց մեջտեղի դարակը, որտեղ Էմիլի մայրիկը
սովորաբար պահում էր իր պատրաստած երշիկները:
Դարակում ոչ մի երշիկ չկար: Փոխարենը Էմիլն էր այնտեղ: Նա քնած էր: Երշիկների կեղևների կույտի մեջ
քնած էր այդ հազվագյուտ տղան, իսկ նրա մայրիկն այնքան երջանիկ էր, կարծես իր պահարանում ոսկու
մի մեծ ձուլակտոր էր հայտնաբերել: Հետո՞ ինչ, թե Էմիլն ամբողջ երշիկը փորն էր լցրել: Իհարկե, հազար
անգամ ավելի հաճելի էր դարակում Էմիլին գտնել, թան մի քանի կիլո երշիկ: Էմիլի հայրիկն էլ էր նույն
կարծիքի:
— Հի՜, հի՜, հի՜, դարակում Էմիլն է,— ասաց փոքրիկ Իդան:— Նա կախարդած չի, ամեն դեպքում՝ ոչ այնքան:
Կարո՞ղ ես պատկերացնել, որ մի փոքրիկ գտնված տղա՝ փորը երշիկով լցված, կարող է այսքան մարդու
ուրախություն պատճառել: Հիմա վերջապես Քաթհուլտում իրոք որ ուրախ խնջույք սկսվեց: Էմիլի մայրիկը
մի փոքր երշիկ գտավ, Էմիլն ուղղակի ի վիճակի չէր եղել այդ մեկի վերջը տալու: Դա, հուրախություն ֆրու
Պետրելի, հասավ իրեն: Իսկ մնացածը, որոնց երշիկ չհասավ, իհարկե, սոված չմնացին խնջույքի
ընթացքում: Նրանք կարող էին սրտի ուզածի չափ կողամիս ու հորթի մսով ռուլետ ու մսագնդիկներ,
ծովատառեխով սալաթ ու մարինացված ծովատառեխ և շոգեխաշած բանջարեղեն ու պուդինգներ,
մարինացված օձաձուկ ուտել: Իսկ վերջում բոլորին պանրով մի համեղագույն թխվածք հյուրասիրեցին՝
ելակի մուրաբայով ու հարած սերուցքով:
— Էդ մեկը, որ եղածներից ամենահամովն էր,— ասաց Էմիլը մաքուր սմոլանդերենով: Եթե դու մի անգամ
գոնե համտեսած լինեիր Քաթհուլտ ագարակի պանրով թխվածքը, կհասկանայիր, որ այս հարցում Էմիլն
իրոք ճիշտ էր:
Հետո երեկոն իջավ, և մթնշաղի գեղեցկությունը փարվեց Քաթհուլտին, ամբողջ Լյոնեբերգային ու ողջ
Սմոլանդին: Էմիլի հայրիկն իջեցրեց դրոշը: Էմիլն ու փոքրիկ Իդան, կողքին կանգնած, նայում էին:
Այսպիսով՝ Քաթհուլտի խնջույքն ավարտվեց: Բոլորը սկսեցին ցրվել իրենց տները: Մեկը մյուսի հետևից
ճանապարհ էին ընկնում սայլակառքերը: Վերջինը հեռացավ վեհաշուք ֆրու Պետրելն իր թեթև կառքով:
Էմիլն ու Իդան սպասեցին, մինչև որ, բլրից թեքվելով, մարեցին ձիու սմբակների ձայները:
— Հույս ունեմ, որ նա լավ կնայի իմ փոքրիկ առնետին,— ասաց Էմիլը:
— Ի՞նչ առնետ,— զարմացավ Իդան:
— Էն, որ նրա պայուսակը դրեցի,— ասաց Էմիլը:
— Ախր, ինչո՞ւ էդպիսի բան արեցիր,— զարմացավ փոքրիկ Իդան:
— Ինչո՞ւ չանեի որ, որովհետև խղճացի առնետիկին,— ասաց Էմիլը:— Խեղճը կյանքում իր մեծ երշիկի
պահարանից բացի ուրիշ ոչինչ չէր տեսել: Մտածեցի, որ գոնե Վիմերբին կտեսնի:
— Եթե միայն ֆրու Պետրելը լավ վերաբերվի նրան,— ասաց փոքրիկ Իդան:
— Հաստա՛տ, մի՛ մտածիր,— ասաց Էմիլը:
Հունիսի 10-ն էր, երբ Էմիլը դրոշի ձողին բարձրացրեց փոքրիկ Իդային ու ամբողջ երշիկի վերջը տվեց: Գուցե
դու նաև կուզենաս իմանալ, թե ի՞նչ պատահեց հետո:
ՀՈՒԼԻՍԻ 8, ԿԻՐԱԿԻ
Երբ Էմիլը սանձերը բաց թողեց Հուլտսֆրեդի հովտում
Ալֆրեդը՝ Քաթհուլտում աշխատող բատրակը երեխա շատ էր սիրում, հատկապես Էմիլին։ Էմիլն
անկարգություններ էր անում ու ահավոր չարաճճի էր, բայց Ալֆրեդը դրա վրա աչք էր փակում: Նա,
միևնույնն է, սիրում էր Էմիլին ու նրա համար մի հրաշալի փայտե հրացան էր տաշել: Այն ճիշտ իսկական
հրացանի նման էր, չնայած, բնականաբար, չէր կրակում: Բայց Էմիլը բղավում էր՝ «բընգ, բընգ», ու,
այնուամենայնիվ, կրակում էր, և Քաթհուլտի ճնճղուկները մի քանի օր չէին հանդգնում երևալ այդ
կողմերում: Էմիլն այնքան էր սիրում իր հրացանը, որ առանց դրա չէր քնում: «Թվանքս տուուու»,— ճչում էր
նա մաքուր սմոլանդերեն բարբառով ու շատ էր զայրանում, երբ մայրիկը սխալ էր հասկանում և փոխարենը
վազեվազ գալիս էր՝ «գդակը» ձեռքին: «Գդակս չեմ ուզում,— գոռում էր Էմիլը,— թվանքս եմ ուզում»: Եվ
ստանում էր ուզածը:
Այո՛, Էմիլը շատ էր սիրում իր «թվանքը», բայց ավելի շատ սիրում էր Ալֆրեդին, որն իր համար սարքել էր այդ
«թվանքը»: Դրա համար էլ զարմանալի չէր, որ Էմիլը լաց եղավ, երբ Ալֆրեդը, ինչպես որ նախատեսված էր,
մեկնեց Հուլտսֆրեդի հովիտ՝ զինվորական հավաքի: Դու, պարզ է, չգիտես, ինչի՞ համար են այդ
հավաքները, բայց պատկերացրու, որ դրանք վաղուց ի վեր կազմակերպվում են, որ տղամարդիկ
զինվորություն սովորեն: Լյոնեբերգայի ու մյուս բնակավայրերի բոլոր բատրակները պետք է մասնակցեին
այդ հավաքներին ու զինվորություն սովորեին:
— Արի ու տես, որ հենց այն օրերին պիտի լինի, երբ մենք չորացած խոտն ենք հավաքելու,— դժգոհում էր
Էմիլի հայրիկը:
Նա չէր հաշտվում այն մտքի հետ, որ հնձի ամենաթեժ շրջանում պիտի զրկվեին Ալֆրեդից, երբ
Քաթհուլտում աշխատանքը եռում էր: Սակայն որոշողը ոչ թե Էմիլի հայրիկն էր, այլ թագավորն ու նրա
գեներալները, թե երբ են Լյոնեբերգայի բատրակները զինվորություն սովորելու համար մեկնելու
Հուլտսֆրեդի հովիտ:
Ի վերջո, Ալֆրեդը վերադառնալու էր, երբ ուսուցումն ավարտվեր, իսկ դա շատ երկար չէր տնում: Այնպես
որ, Էմիլը, ըստ էության, լացելու պատճառ չուներ, չնայած, միևնույնն է, լաց էր լինում, և Լինան էլ էր լաց
լինում: Միայն Էմիլը չէր, որ սիրում էր Ալֆրեդին:
Ալֆրեդը լաց չէր լինում: Նա ասաց, որ Հուլտսֆրեդում մարդ կարող է «սանձերը բաց թողնի» ու մի լավ
զվարճանա: Եվ երբ սայլը ճանապարհ ընկավ Ալֆրեդի հետ միասին, ու բոլորը, շատ տխուր կանգնած, նրան
ձեռքով հրաժեշտ էին տալիս, Ալֆրեդն ինքն իրեն ժպտաց, մի երգ երգեց ու հռհռաց, որպեսզի իրեն
ճանապարհողներն այլևս չթախծեն: Նրա երգած հատվածն այս էր.
Էքշյո քաղաքում՝ Ռենեի հովտում,
Շվեդական ուրախ պարեր են պարում,
Նույնպես և Հուլտսֆրեդի հովտում
Աղջիկներն են զվարթ պտտվում:
Հալի-դայեն, հալի-դալի-դա,
Հալի-դայեն, հալի-դալի-դա…
Ալֆրեդի երգի շարունակությունը լսել չհաջողվեց, քանի որ Լինան սկսեց բարձրաձայն ողբալ ու հեկեկալ,
իսկ սայլակը Ալֆրեդի հետ միասին շուտով անհետացավ ճամփի ոլորանում:
Էմիլի մայրիկը փորձեց մխիթարել Լինային:
— Դե լավ, մի՛ տխրիր, Լինա՛,- ասաց նա:— Հանգստացի՛ր, քանի որ հուլիսի 8-ին Հուլտսֆրեդում
տոնակատարություն է լինելու, այդ ժամանակ կգնանք այնտեղ ու Ալֆրեդին կտեսնենք:
— Ես էլ եմ ուզում Հուլտսֆրեդ գնալ, որ սանձերս բաց թողնեմ ու Ալֆրեդին հանդիպեմ,— ասաց Էմիլը:
— Ես էլ,— ասաց փոքրիկ Իդան:
Սակայն Էմիլի մայրիկը գլուխն օրորեց:
— Երեխաների համար ոչ մի լավ բան չկա այդ տեսակ տոնակատարություններում,— ասաց նա:— Դուք
ուղղակի կկորչեք ամբոխի ու հրմշտոցի մեջ:
— Ինձ համար զվարճալի կլինի, որ կորչեմ հրմշտոցի մեջ,— ասաց Էմիլը, բայց դա էլ չօգնեց:
Հուլիսի ութի առավոտյան Էմիլի հայրիկն ու Էմիլի մայրիկն ու Լինան գնացին Հուլտսֆրեդ ու Էմիլին ու
փոքրիկ Իդային տանը թողեցին՝ Քրյոսա-Մայայի հետ, որը պիտի նրանց հետևեր: Քրյոսա-Մայան մի ծեր
տատիկ էր, որը երբեմն գալիս էր Քաթհուլտ՝ օգնելու տան գործերում:
Փոքրիկ Իդան շատ խելոք աղջնակ էր: Նա անմիջապես նստեց Քրյոսա-Մայայի ծնկներին ու ստիպեց նրան
ուրվականների մասին իր իմացած ամենասարսափելի պատմությունները պատմել և իր լսածից շատ գոհ
մնաց:
Էմիլի հարցն այլ էր: Նա, հրացանը ձեռքին, վազեց դեպի ախոռ՝ զայրույթից փնչացնելով:
— Էս մեկը չի ստացվի,— կատաղած փնչացրեց նա:— Ես էլ եմ գնալու Հուլտսֆրեդ ու սանձերս բաց թողնեմ,
ես ինչո՞վ եմ մյուսներից պակաս որ, որոշված է: Հասկացա՞ր, Յուլա՛ն:
Այս վերջին խոսքերն ուղղված էին իրենց պառավ զամբիկին, որն արածում էր ախոռի հետևի
մարգագետնում: Իրենք Քաթհուլտում մի ջահել ձի էլ ունեին, անունը՝ Մարկուս: Բայց Մարկուսը հիմա
Հուլտսֆրեդի ճանապարհին էր՝ Էմիլի հայրիկի, Էմիլի մայրիկի ու Լինայի հետ… Դե իհարկե, ոմանք կարող
են գնալ ու զվարճանալ:
— Իսկ ես գիտեմ, թե ով կսլանա նրանց հետևից էնպես, որ քամին ականջներում կվզզա,— ասաց Էմիլը:— ես
ու դու, Յուլա՛ն:
Եվ իր ասածի պես էլ արեց: Սանձեց զամբիկին ու դուրս բերեց նրան մարգագետնից:
— Վախենալու բան չկա,— հանգստացրեց նա ձիուն:— Ալֆրեդը կուրախանա, որ ինձ տեսնի, իսկ դու
հաստատ մի ուրիշ պառավ զամբիկ կգտնես քեզ համար, որ իրար հետ արածեք ու խրխնջաք, եթե շատ էլ
չուզես սանձերդ բաց թողնել:
Նա Յուլանին տարավ դարպասի դռնակի մոտ, քանի որ ձիու մեջքին բարձրանալու համար կարիք ուներ
մի բանի վրա կանգնելու: Ա՜յ թե հնարամիտն էր այդ տղան:
— Դե՛, գնացինք,— բացականչեց Էմիլը:— Հալի-դայեն, հալի-դալի-դա, Քրյոսա-Մայային էլ հրաժեշտ կտանք,
երբ վերադառնանք:
Այսպիսով՝ Յուլանը, տրտինգ տալով, շարժվեց բլրով ներքև Էմիլի հետ միասին, որ նստած էր մեջքը ձիգ,
կեցվածքն էլ ինքնավստահ ու «թվանքը» կրծքին սեղմած: Իսկ ինչու ոչ, «թվանքն» էլ էր հետը տանում
Հուլտսֆրեդ: Քանի որ եթե Ալֆրեդը հիմա գնացել էր զինվոր դառնալու, ուրեմն Էմիլն էլ պիտի զինվոր
դառնա: Ալֆրեդը հրացան ուներ, Էմիլն էլ իր «թվանքն» ուներ, որ համարյա միևնույն բանն էր, երկուսն էլ
զինվոր էին, այդպես պիտի լիներ, այդպես էր ուզում Էմիլը: Յուլանը ծեր էր: Չէր կարողանում արագ
ընթանալ, և որպեսզի նրա համար ձանձրալի չլինի, Էմիլը ձիու համար մաքուր սմոլանդերենով սկսեց երգել.
Իմ ծե՛ր ձիուկ, կամա՛ց գնա,
Հազիվ ես քարշ գալիս հիմա,
Բայց հետո ի՞նչ.
Իմ թվանքով կտանես ինձ,
Դե՛ ճամփով էս հարթ
Գնա՛ դու հանդարտ:
Եվ Յուլանը, մերթ վարգով, մե՛րթ հանդարտ, մե՛րթ տրտինգ տալով, վերջապես տեղ հասավ՝ Հուլտսֆրեդի
հովիտ:
— Էհեեե՜յ,— գոչեց Էմիլը,— այ թե հիմա սանձերը բաց կթողնենք ու կզվարճանանք:
Սակայն խոսքը բերանում՝ քարացավ, աչքերը չռած: Նրան, անշուշտ, հայտնի էր, որ աշխարհում շատ մարդ
կար, բայց չգիտեր, որ նրանք բոլորը միասին պիտի հավաքվեին հենց Հուլտսֆրեդի հովտում: Նա կյանքում
այդպիսի բազմություն չէր տեսել, նրանք հազարներով շրջան էին կազմել դաշտի շուրջը, իսկ մեջտեղում
զինվորները վարժանքներ էին անում՝ հրացանը ուսին բարձրացնում, մեկ աջ դառնում, մեկ ձախ, կամ
այնպիսի բաներ անում, որ զինվորները պետք է իմանան: Գեր ու զայրացկոտ մի կարճլիկ ծերուկ ձիով
պտտվում էր նրանց առջև ու անընդհատ աղմկում՝ բղավելով, թե ինչ պետք է անեն զինվորները, իսկ նրանք
հնազանդվում էին և անտրտունջ կատարում նրա ասածները: Այդ ամենը շատ տարօրինակ էր Էմիլի
համար:
— Ուրեմն էստեղ հրամայողը Ալֆրեդը չի՞,— հարցրեց նա մոտերքում կանգնած գյուղացի տղաներին:
Բայց նրանք միայն նայում էին զինվորներին ու չէին պատասխանում:
Էմիլը սկզբում հաճույքով էր նայում զինվորներին, թե ինչպես են նրանք հրացաններն ուսին դնում, սակայն
դա երկար չտևեց, և հիմա նա նախ և առաջ ուզում էր Ալֆրեդին գտնել, քանի որ դրա համար էր հասել
այդտեղ: Բայց բոլոր զինվորները միանման կապույտ համազգեստ էին հագել ու շատ նման էին իրար:
Ալֆրեդին գտնել այդպիսի բազմության մեջ հեշտ գործ չէր:
— Դե լավ, սպասեմ, մինչև Ալֆրեդն ինձ նկատի,— ասաց Էմիլը Յուլանին:— Էդ ժամանակ ձենը գլուխը կգցի
ու մոտս կվազի, իսկ էդ ջղային ծերուկը թող ինքը հրացանը բարձրացնի-իջեցնի, ինչքան կուզի:
Եվ որպեսզի Ալֆրեդը նկատի իրեն, նա ձիով մոտեցավ զինվորներին ու ամբողջ ուժով գոռաց.
— Ալֆրե՜դ, ո՞ւր ես: Դե՛ դուրս արի, միասին մեր սանձերը բաց թողնենք: Ի՞նչ Է, չե՞ս տեսնում, որ եկել եմ:
Դե իհարկե, Ալֆրեդը տեսել էր, որ Էմիլն էր եկել. Էմիլն իր «գդակով» ու «թվանքով» ու իր պառավ զամբիկով:
Սակայն Ալֆրեդը կանգնած էր զինվորների շարքի մեջ ու չէր համարձակվում քայլ անել այդ գեր ու
զայրացկոտ կարճլիկ ծերուկի պատճառով, որն անընդհատ աջ ու ձախ գոռգոռում ու հրահանգներ էր
տալիս:
Փոխարենը հենց այդ գեր ու զայրացկոտ կարճլիկ ծերուկը ձիով մոտեցավ Էմիլին ու չափազանց սիրալիր
հարցրեց.
— Գործերդ ո՞նց են, տղա՛ս: Չլինի՞ կորել ես և մայրիկիդ ու հայրիկիդ ես փնտրում:
Էմիլը վաղուց ավելի հիմար բան չէր լսել:
— Պարզ չի՞, որ ես չեմ կորել,— ասաց նա:— Ոնց տեսնում եք, ես էստեղ եմ: Իսկ եթե որևէ մեկն էլ կորել է,
ուրեմն իմ մայրիկն ու հայրիկն են կորել:
Եվ այդ հարցում Էմիլը բացարձակապես ճիշտ էր: Երեխաները կարող են կորչել Հուլտսֆրեդի հավաքի
ժամանակ, ասում էր մայրիկը: Բայց հիմա ինքն էր, ըստ էության, հայտնվել հրմշտոցի մեջ Էմիլի հայրիկի ու
Լինայի հետ, և նրանք երեքն էլ բոլորովին կորցրել էին իրենց, որովհետև նրանցից ոչ մեկը այդ բազմամարդ
ամբոխի մեջ չէր կարողանում տեղից շարժվել: Չնայած նրանք տեսել էին Էմիլին, պարզ բան է:
Բնականաբար, չէին կարող չտեսնել, երբ նա հրապարակ մտավ՝ իր «գդակով», «թվանքով» պառավ
զամբիկին հեծած, իսկ Էմիլի հայրիկն ասաց.
— Երևում է, Էմիլը մի նոր փայտե մարդուկ է տաշելու:
— Հաստա՛տ,— ասաց Էմիլի մայրիկը:— Բայց ո՞նց ենք նրան բռնելու:
Եվ իրոք որ, ի՞նչ էին անելու: Եթե դու երբևէ ներկա ես եղել Հուլտսֆրեդի հավաքի նման մի հանդիսության,
կհասկանաս ինչպիսի՜ խառնաշփոթ էր այնտեղ: Հենց որ զինվորներն ավարտեցին իրենց
զինավարժանքներն ու քայլերթով հեռացան, ամբողջ հրապարակն անմիջապես լցվեց մարդկանցով:
Այնպիսի հրմշտոց էր, որ մարդ քիչ էր մնում՝ ինքն իրեն կորցներ, ուր մնաց, թե կարողանար Էմիլին գտնել:
Եվ միայն Էմիլի մայրիկն ու հայրիկը չէին, որ ուզում էին Էմիլին գտնել, այլև Ալֆրեդը: Քանի որ նա այժմ
ազատ էր և այլևս վարժանքներ չէր անելու, ուզում էր Էմիլի հետ մի լավ զվարճանալ: Սակայն Հուլտսֆրեդի
հրապարակի բազմության մեջ հեշտ բան չէր մեկին գտնելը: Այնտեղ գտնվող բոլոր մարդիկ դեսուդեն ընկած
ինչ-որ մեկի փնտրում էին: Ալֆրեդը փնտրում էր Էմիլին, Էմիլն էլ Ալֆրեդին, Էմիլի մայրիկը փնտրում էր
Էմիլին, Լինան՝ Ալֆրեդին, իսկ Էմիլի հայրիկը՝ Էմիլի մայրիկին, դե՛ պարզ չի՞, որովհետև նա հանկարծ
իսկականից կորավ, ու Էմիլի հայրիկը մի երկու ժամ նրան էր փնտրում, մինչև վերջապես գտավ՝ հուսահատ
ու սեղմված Վիմերբիից եկած երկու խոշոր ազդեցիկ տղամարդկանց միջև:
Բայց Էմիլն այդպես էլ ոչ մեկին չգտավ, և Էմիլին էլ ոչ ոք չգտավ: Այդ ժամանակ նա հասկացավ, որ պետք է
բոլորովին մենակ իր սանձերը բաց թողնի ու իրեն ազատություն տա, թե չէ մյուսների վրա հույս դնելու չի:
Բայց նախքան սկսելը նա խոստացածի պես Յուլանի համար պիտի մի բարի պառավ զամբիկ գտներ, որ
իր զվարճանալու ընթացքում նրանք կողք կողքի խրխնջային:
Եվ այժմ Էմիլը ոչ մի պառավ զամբիկ չէր կարողանում գտնել: Բայց փոխարենը նա գտավ Մարկուսին, ինչը
շատ ավելի լավ էր: Մարկուսը կանգնած խոտ էր որոճում՝ անտառեզրի մի ծառից կապված: Իսկ
անմիջապես կողքին իրենց սեփական հին սայլն էր, որն Էմիլն իսկույն ճանաչեց: Ակնհայտ էր, որ Յուլանը
շատ գոհ մնաց, երբ հանդիպեց Մարկուսին: Էմիլը նրան նույն ծառից կապեց ու սայլից մի խուրձ խոտ
բերեց: Այն ժամանակ մարդիկ միշտ իրենց հետ սայլում խոտ էին պահում: Յուլանը տեղնուտեղը սկսեց
որոճալ, և այդ ժամանակ Էմիլը զգաց, որ ինքն էլ էր սոված:
— Սկսենք նրանից, որ ես խոտ չեմ ուտում,— ասաց Էմիլը:
Եվ ոչ էլ դրա անհրաժեշտությունը կար: Հրապարակի մոտ բազմաթիվ փոքրիկ կրպակներ կային, որտեղից
կարելի էր սրտի ուզածի չափ բուտերբրոդներ, երշիկներ, բուլկիներ ու թխվածքներ գնել: Բնականաբար,
եթե փող ունես:
Եվ շրջակայքում բազմաթիվ զվարճալի բաներ կային նրանց համար, ովքեր որոշել էին սրտի ուզածի չափ
զվարճանալ: Կրկես ու պարահրապարակ, ատրակցիոններով այգի՝ բազմաթիվ կարուսելներով և այլ
զվարճություններով… Պատկերացրո՛ւ, այնտեղ կար մի թրակուլ, որը կարող էր թուրը կուլ տալ, ու
կրակակուլ, որը կրակ էր կուլ տալիս, ու մի շքեղ տիկին՝ երկար մորուքով, որը ժամը մեկ սուրճ ու բուլկի կուլ
տալուց բացի ոչինչ չէր կարող: Դրանով, պարզ բան է, չէր հարստանա, եթե, բարեբախտաբար, չլիներ իր
մորուքը: Նա փողով իր մորուքն էր ցույց տալիս ու այդպիսով ահագին փող էր աշխատում:
Հուլտսֆրեդի հրապարակում ամեն ինչ փողով էր: Իսկ Էմիլը փող չուներ:
Փոխարենը նա բավական հնարամիտ փոքրիկ տղա էր, ինչպես որ արդեն ասել եմ: Էմիլն ուզում էր
հնարավորինս շատ բան տեսնել և որոշեց կրկեսից սկսել, քանի որ ամենահեշտը դա էր թվում: Պետք էր
ընդամենը բարձրանալ վրանի կողքին ընկած մի արկղի վրա ու վրանի քաթանի անցքից ներս ծիկրակել:
Սակայն նա այնպես ծիծաղից թուլացավ՝ տեսնելով, թե ինչպես է ծաղրածուն դեսուդեն վազվզում ու ինքն
իրեն ուրախացնում, որ դղրդոցով ընկավ արկղի վրայից ու գլուխը քարին խփեց: Դրանից հետո նա թքեց
կրկեսի վրա, որովհետև ավելի էր սովածացել։
— Չէ՛, առանց ուտելու ուզածիդ պես զվարճանալ չես կարող,— ասաց Էմիլը,— իսկ առանց փողի ուտել չես
կարող: Էնպես որ, պիտի մի բան մտածեմ:
Նա, բնականաբար, նկատել էր, որ այդ հրապարակում հնարավոր էր բազմաթիվ ձևերով փող աշխատել,
այնպես որ իր համար պետք է որ նույնպես մի միջոց գտնվի: Դե, կրակ կամ թուր կուլ տալ ինքը չէր կարող,
մորուք էլ չուներ, ուրեմն ի՞նչ անել:
Էմիլը կանգնած լուռ մտածում էր: Հանկարծ տեսավ, որ հենց բազմության մեջ՝ մի արկղի վրա մի թշվառ,
կույր ծերուկ էր նստած: Նա թախծոտ երգեր էր երգում, և նրա ձայնը շատ խղճալի էր հնչում, բայց մարդիկ
հենց դրա համար էլ փող էին տալիս նրան: Նա իր գլխարկն առջևն էր դրել՝ գետնին, ու բարի մարդիկ
անընդհատ մետաղադրամներ էին գցում մեջը:
— Ա՛յ էս բանը ես էլ կարող եմ անել,— մտածեց Էմիլը,— համ էլ բախտս բերել է, գդակս մոտս է:
Նա գլխարկը դրեց գետնին՝ իր դիմաց, ու սկսեց երգել «Իմ ձին սլանում է դաշտով» երգը նրանց համար,
ովքեր կուզեին լսել այն:
Նրա շուրջը անմիջապես մարդիկ հավաքվեցին:
— Օ՜, ինչ անուշիկ տղա է,— ասում էին նրանք:— Նա հաստատ շատ աղքատ է, որ այստեղ կանգնած երգելով
փող է մուրում:
Այն ժամանակներում շատ աղքատ երեխաներ կային, որոնք ուտելու բան չունեին, և մի բարեհամբույր
տիկին մոտեցավ Էմիլին ու հարցրեց.
— Իմ փոքրի՛կ բարեկամ, այսօր ուտելու բան ունեի՞ր:
— Հա… բայց մենակ չոր խոտ,— պատասխանեց Էմիլը:
Այդ պատասխանից բոլոր հավաքվածների սիրտը ճմլվեց: Իսկ վենացի (Վենա՝ գյուղ Շվեդիայում) մի
սրտացավ փոքրամարմին գյուղացու աչքերը լցվեցին, և նա արտասվեց այդ միայնակ կանգնած խեղճ ու
թշվառ երեխայի համար, որ այնքան գեղեցիկ գանգուր շեկ մազեր ուներ:
Բոլորը սկսեցին երկու օրեանոցներ և հինգ օրեանոցներ ու տաս օրեանոցներ գցել Էմիլի «գդակի» մեջ:
Վենացի փոքրամարմին սրտացավ գյուղացին նույնպես երկու օրեանոց հանեց շալվարի գրպանից,
սակայն փոշմանեց, և քանի դեռ շատ ուշ չէր, նորից հետ դրեց ու շշնջաց Էմիլի ականջին.
— Եթե հետս գաս իմ սայլի մոտ, քեզ էլի խոտ կտամ:
Սակայն Էմիլն արդեն հարստացել էր, ու ամբողջ գլխարկը լցված էր մանրադրամներով: Նա փոխարենը
գնաց ու իր համար լիքը բուտերբրոդներ, բուլկիներ, թխվածքներ ու հյութ գնեց:
Երբ նա այդ ամբողջի հախից եկավ, գնաց ու քառասուներկու անգամ կարուսել նստեց՝ ծախսելով չորս
կրոնա ու քսան օրե: Էմիլը նախկինում երբևէ կարուսել չէր նստել ու չէր էլ պատկերացնում, որ աշխարհում
այդ կարգի հրաշալի զվարճություն կա:
— Ա՛յ հիմա ես իսկականից սանձերս բաց եմ թողել,— մտածեց նա՝ կարուսելի վրա պտտվելով, քամուց
գզգզված գանգուրներով:— Կյանքումս շատ զվարճալի բաներ են եղել, բայց սրա նմանը չի եղել:
Հետո նա նայեց թուր ու կրակ կուլ տվողներին, ապա մորուքավոր տիկնոջը, և այդ փորձություններից հետո
նրա ձեռքին մնաց ընդամենը երկու օրե:
— Դե՛, ես կարող եմ մի փոքր տուն էլ երգել, ու գդակս նորից կլցվի,— մտածեց Էմիլը:— Էստեղի մարդիկ շատ
բարի են:
Բայց այդ պահին Էմիլը զգաց, թե ինչքան է հոգնել: Այնքան, որ այլևս ոչ երգել էր ուզում, ոչ փող, անգամ
մոտի երկու օրեանոցն էլ տվեց կույր ծերուկին: Հետո սկսեց թափառել փետրելով Ալֆրեդին:
Բայց, եթե Էմիլը կարծում էր, որ բոլոր մարդիկ բարի են, ապա նա սխալվում էր: Աշխարհում ամեն տեսակ
մարդ կա, ու չար մարդիկ միշտ էլ եղել են, և նրանցից ոմանք այդ օրը եկել էին Հուլտսֆրեդ: Այն
ժամանակներում մի վտանգավոր գող էր հայտնվել, որ կողոպտում էր այդ կողմերը: Անունը Ճնճղուկ էր, ու
ամբողջ Սմոլանդի գավառում վախենում էին նրանից: Նրա «սխրանքների» մասին հաճախ էին գրում
«Սմոլանդս թիդնինգենում» և «Հուլտսֆրեդս փոստում»: Մարդ կարող էր վստահ լինել, որ բոլոր
տոնակատարությունների ու տոնավաճառների ժամանակ և բազմամարդ վայրերում, որտեղ փողի հոտ էր
գալիս, կհայտնվի Ճնճղուկը ու կթռցնի ամեն ինչ, ինչ կկարողանա: Որպեսզի իրեն ոչ մեկը չճանաչի, նա
ամեն անգամ տարբեր մորուքներ ու բեղեր էր կպցնում: Ու հիմա նա այսպիսի օրով եկել էր Հուլտսֆրեդի
հրապարակ և իր սև լայնեզր գլխարկով ու սև բեղերով ամենուրեք աննկատ աչք էր ածում, որ թռցնելու
համար բան գտնի: Բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Ճնճղուկն այդտեղ ֆռֆռում էր, թե չէ բոլորը վախից
խուճապի կմատնվեին:
Սակայն, եթե Ճնճղուկը խելք ունենար, նա երբեք Հուլտսֆրեդ չէր գա նույն օրը, ինչ որ Էմիլն իր «թվանքով»:
Որովհետև… գուշակո՞ւմ ես, թե ինչ եղավ հետո:
Էմիլն իր համար հանգիստ թափառում էր փնտրելով Ալֆրեդին: Եվ երբ անցնում էր մորուքավոր տիկնոջ
վրանի մոտով, դռան արանքից տեսավ, որ նա, ներսում նստած, փողերն էր հաշվում: Դե՛, պարզ է, որ նա
ուզում էր իմանալ, թե ինչքան էր հաջողեցրել վաստակել իր մորուքի շնորհիվ այդ մի օրհնված կիրակի օրվա
ընթացքում:
Կարծես թե քիչ չէր, քանի որ նա քմծիծաղեց ու գոհունակությամբ շոյեց մորուքը: Ապա նրա աչքն ընկավ
Էմիլին:
— Ներս արի, փոքրի՛կս,— կանչեց նա:— Կարող ես բոլորովին ձրի նայել մորուքիս, որովհետև լավ տղա ես
երևում:
Էմիլն իհարկե արդեն տեսել էր այդ մորուքը, սակայն քանի որ իրեն ներս էին հրավիրել, չուզեց մերժել: Եվ
քանի որ բոլորովին ձրի էր, ներս սողոսկեց վրանը իր «գդակով» ու «թվանքով» և դիտեց մորուքավոր
տիկնոջը մոտավորապես քսանհինգ օրեի չափ:
— Ո՞նց եք հաջողեցրել էդքան սիրուն մորուք աճեցնել,— սրտանց հարցրեց նա:
Սակայն, մորուքավոր տիկինը չհասցրեց պատասխանել: Քանի որ նույն պահին մի սարսափելի ձայն
ֆշշացրեց.
— Իսկույն տուր փողերդ, թե չէ մորուքդ կփետրեմ:
Ճնճղուկն էր: Նա գաղտագողի ներս էր մտել, ու ոչ ոք չէր էլ նկատել:
Մորուքավոր տիկնոջ դեմքը գունատվեց, մորուքի մասից բացի, բնականաբար: Խեղճ տիկինը ամբողջ
վաստակած փողը պիտի հանձներ Ճնճղուկին, բայց այդ պահին Էմիլը շշնջաց.
— Թվանքս վերցրո՛ւ:
Եվ մորուքավոր տիկինը բռնեց հրացանը, որը Էմիլը խցկել էր նրա ձեռքը: Վրանում բավականին մութ էր,
այնպես որ գրեթե ոչինչ չէր երևում, և մորուքավոր տիկինը կարծեց, թե դա իսկական հրացան էր, որից
կարող էր կրակել:
Իսկ ամենալավն այն էր, որ… Ճնճղուկն էլ էր այդպես կարծել:
— Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակեմ,— բղավեց մորուքավոր տիկինը:
Հիմա էլ Ճնճղուկը գունատվեց ու ձեռքերը վեր պարզած՝ գամվեց տեղում՝ վախից դողալով, իսկ
մորուքավոր տիկինն այնպես ծղրտոցով «ոստիկանություն» բղավեց, որ լսվեց ամբողջ Հուլտսֆրեդի
հովտում:
Ոստիկանությունը ժամանեց, և Ճնճղուկին այլևս երբեք ոչ ոք չտեսավ ոչ Հուլտսֆրեդում, ոչ որևէ այլ տեղ,
և ամբողջ Սմոլանդում վերջ տրվեց գողությանը: Իրոք, պատկերացրու, այդպես էլ է լինում: Մորուքավոր
տիկինը մեծ ճանաչում ունեցավ թե՛ «Սմոլանդս թիդնիեգենում», թե՛ «Հուլտսֆրեդ փոստում», քանի որ նա
էր բռնել Ճնճղուկին: Իսկ Էմիլի ու նրա «թվանքի» մասին՝ ոչ մի խոսք: Այդ իսկ պատճառով, կարծում եմ,
ժամանակն է, որ մարդ ասի, թե իրականում ամեն ինչ ինչպես էր պատահել:
— Բախտս բերեց, որ հա՛մ գդակս հետս վերցրի, հա՛մ թվանքս,— ասաց Էմիլը, երբ ոստիկանները Ճնճղուկի
հետ միասին ուղևորվեցին դեպի բանտ:
— Հա՛, դու խելոք տղա ես,— ասաց մորուքավոր տիկինը:— Դրա համար էլ կարող ես սրտիդ ուզածի չափ
մորուքիս նայել բոլորովին անվճար:
Սակայն Էմիլը հոգնել էր: Նա ոչ մորուքի էր ուզում նայել, ոչ էլ անսանձ զվարճությունների տրվել կամ ուրիշ
բան: Նա միայն քնել էր ուզում: Քանի որ Հուլտսֆրեդի հովտում աստիճանաբար իջնում էր երեկոն:
Պատկերացրու, այդ ամբողջ երկար օրն անցավ, և նա այդպես էլ Ալֆրեդին չգտավ:
Էմիլի հայրիկն ու Էմիլի մայրիկն ու Լինան նույնպես հոգնել էին: Նրանք փնտրել ու փնտրել էին Էմիլին, իսկ
Լինան փնտրել էր Ալֆրեդին, և այժմ նրանցից ոչ մեկն այլևս փնտրելու ուժ չուներ:
— Վա՜յ, ոտքերս,— հառաչեց Էմիլի մայրիկը, ու հայրիկն էլ մռայլ գլխով արեց:
— Ինչո՞ւ չէ, հետաքրքիր էր այսպիսի հանդիսությանը ներկա գտնվել,— ասաց նա:— Դե՛, տուն գնանք՝
Քաթհուլտ, ուրիշ ի՞նչ պիտի անենք:
Եվ նրանք, հազիվ քարշ գալով, շարժվեցին դեպի անտառեզրը, որ ձիուն լծեն ու ճանապարհ ընկնեն:
Մոտենալով՝ տեսան Յուլանին, որ կանգնած էր նույն ծառի մոտ, ինչ Մարկուսը, և իր համար խոտ էր
որոճում: Էմիլի մայրիկը սկսեց արտասվել:
— Օ՜, ո՞ւր է իմ փոքրիկ Էմիլը,— հեկեկում էր նա: Իսկ Լինան գլուխը թափ տվեց:
— Այդ տղան, անկարգությունից բացի, ուրիշ բան չի անում: Անպիտանի մեկն է:
Լինան այդպես ասաց: Եվ նրա խոսքի վրա նրանք լսեցին, որ մեկը, շնչակտուր վազելով, մոտեցավ: Ալֆրեդն
էր:
— Ո՞ւր է Էմիլը,— ասաց նա:— Ամբողջ օրը նրան եմ փնտրել:
— Ինձ չի էլ հետաքրքրում՝ ուր է,— ասաց Լինան: Հետո բարձրացավ սայլը, որ շարժվեն տուն: Եվ
պատկերացնո՞ւմ ես, քիչ մնաց՝ ոտքը դներ Էմիլի վրա: Սայլի մեջ դեռ մի քիչ չոր խոտ էր մնացել, և Էմիլը,
այդ խոտի վրա պառկած, քնած էր: Սակայն աչքերը բացեց, երբ Լինան ոտքը դրեց վրան: Եվ տեսավ նրան,
որ եկել ու կանգնել էր իր կապույտ համազգեստով և դեռ շարունակում էր հևալ: Էմիլը մեկնեց ձեռքն ու
գրկեց Ալֆրեդի վզից:
— Վայ, էդ դո՞ւ ես, Ալֆրե՛դ,— ասաց նա ու նորից քնեց:
Իսկ հետո քաթհուլտցիները շարժվեցին դեպի Քաթհուլտ: Մարկուսն էր քաշում, իսկ Յուլանը, կողքից
կապած, մանրաքայլ վազում էր: Էմիլը երբեմն արթնանում էր, նայում մութ անտառին ու լուսավոր
ամառային երկնքին, շնչում չոր խոտի, ձիու ու գիշերվա բույրերն ու լսում սմբակների դոփյունն ու սայլի
ակերի ճռնչոցը: Սակայն հիմնականում նա քնած մնաց ամբողջ ճանապարհի ընթացքում ու երազ տեսավ,
որ Ալֆրեդը շուտով տուն է գալիս: Վերադառնում է Քաթհուլտ, վերադառնում է Էմիլի մոտ: Եվ այդպես էլ
պիտի լիներ:
Այսպիսով՝ հուլիսի ութն էր, որ Էմիլը, սանձերը թողած, զվարճացել էր Հուլտսֆրեդի հրապարակում:
Գուշակիր, թե էլ ո՞վ էր փնտրել Էմիլին այդ օրը: Հարցրո՛ւ Քրյոսա-Մայային: Չնայած, չէ, չարժի, որովհետև
այդ մասին հիշելիս Քրյոսա-Մայայի ձեռքերը կարմիր փոքրիկ բշտիկներով են պատվում, որոնք քոր են
գալիս և շատ դժվարությամբ անցնում:
Դու արդեն իմացար, թե ինչ էր արել Էմիլը մարտի յոթին ու մայիսի քսաներկուսին ու հունիսի տասին ու
հուլիսի ութին, բայց օրացույցն ուրիշ օրեր էլ ունի նրանց համար, ովքեր սիրում են անկարգություններ անել:
Իսկ Էմիլը սիրում է: Նա չարություններ արեց համարյա ամեն օր ամբողջ տարվա ընթացքում, բայց
մանավանդ օգոստոսի տասնինին ու հոկտեմբերի տասնմեկին ու նաև նոյեմբերի երեքին: Հա՜, հա՜, հա՜,
ծիծաղս գալիս է, որ հիշում եմ, թե ինչ արեց Էմիլը նոյեմբերի երեքին, բայց չեմ պատմի, քանի որ Էմիլի
մայրիկին խոստացել եմ չպատմել: Չնայած այդ օրվա դասից հետո լյոնեբերգացիները սկսեցին փող
հավաքել: Նրանք խղճացին Քաթհուլտի Սվենսոններին այդ աստծո պատիժ տղայի համար: Դրա համար էլ
յուրաքանչյուրը հիսուն օրե դրեց, և հավաքած փողը մի փոքրիկ կապոց արած՝ տվեցին Էմիլի մայրիկին:
— Գուցե սա բավարար լինի, որ դուք Էմիլին Ամերիկա ուղարկեք,— ասացին նրանք:
Ինչո՞ւ չէ, լավ կլիներ: Էմիլին Ամերիկա ուղարկել…
Բայց ո՞վ իմանար, այդ դեպքում ով կլիներ նրանց համայնքի խորհրդի նախագահը: Նկատի ունեմ, երբ
ժամանակը գար:
Բարեբախտաբար, Էմիլի մայրիկը համաձայն չէր նման հիմար առաջարկների հետ: Նա զայրացավ ու
կապոցն այնպես շպրտեց, որ մետաղադրամները ցրիվ եկան ամբողջ Լյոնեբերգայով մեկ:
— Էմիլը շատ էլ լավ տղա է,— ասաց նա:— Ու մենք նրան սիրում ենք հենց այնպիսին, ինչպիսին կա:
Բայց, այնուամենայնիվ, նա մի քիչ անհանգստացած էր իր տղայի համար: Սովորաբար մայրիկներն այդպես
են զգում, երբ մարդիկ գալիս ու բողոքում են իրենց երեխաներից: Եվ մի երեկո, երբ Էմիլն անկողնում
պառկած էր իր «գդակով» ու «թվանքով», նա գնաց ու նստեց կողքին:
— Էմի՛լ, — ասաց նա,— դու շուտով մեծ տղա կդառնաս ու դպրոց կգնաս: Ո՞նց կլինի քո վերջը, որ դու այսքան
չար ես ու անընդհատ անկարգություն ես անում:
Էմիլը, անկողնում պառկած, հրեշտակի էր նման՝ կլոր կապույտ աչքերով ու գանգուր, շեկ մազերով:
— Հալի-դայեն, հալի-դալի-դա,— երգեց նա, որովհետև այդ կարգի խոսակցություն նա ամենից քիչն էր ուզում
լսել:
— Էմի՛լ,— ասաց մայրիկը շատ խիստ,— ո՞նց ես պատկերացնում, ո՞նց կլինի, որ դպրոց գնաս:
— Լավ,— ասաց Էմիլը:— Դե՛ ես, իհարկե, վերջ կտամ անկարգություններին, կարծում եմ… երբ որ դպրոց
գնամ:
Էմիլի մայրիկը հոգոց հանեց:
— Այո, իհարկե, հուսանք,— ասաց նա և գնաց դեպի դուռը: Բայց Էմիլը գլուխը բարձրացրեց մահճակալի
գլխամասից, փոքրիկ հրեշտակի պես ժպտաց ու ասաց.
— Չնայած հաստատ չգիտեմ:

 

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդում էի ԱՍՏՐԻԴ ԼԻՆԴԳՐԵՆի ԷՄԻԼԸ ԼՅՈՆԵԲԵՐԳԱՅԻՑ գիրքը:

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Էմիլի մայրիկը շատ էր խղճում իր փոքրիկ տղային: Նա նորից առաջարկեց կոտրել ապուրամանը, բայց
հայրիկն ասաց.
— Ոչ մի դեպքում: Ապուրամանին չորս կրոնա եմ տվել, որ ջարդե՞մ: Ավելի լավ է՝ նրան բժշկի տանենք՝
Մարիանելունդ: Բժիշկը կկարողանա հանել: Երեք կրոնա կտանք այցելության համար և այդպես մեկ կրոնա
կշահենք:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Սվենսոնների ընտանիքն ապրում էր Քաթհուլտ գյուղակում, որը մոտ էր Սմոլանդ շրջանի Լյոնեբերգա քաղաքին։

Էմիլ Սվենսոնը՝ «չարաճճի և համառ փոքրիկը», ուրախ, հետաքրքրասեր և հնարամիտ վեցամյա գյուղացի տղա է, որն անընդհատ ընկնում է տարբեր ծիծաղելի իրադրությունների մեջ։ Նա շատ խելամիտ է և գիտի, թե ինչպես ինքնուրույն փող աշխատի՝ չխնդրելով ծնողներից։ Նա ունի ժրաջան տիրոջ և լավ բիզնեսմենի տվյալներ, որի համալ էլ մասամբ հայրը նրան նախանձում է։

Էմիլն ունի փոքր քույր՝ Իդան, որը իր կամքին հակառակ նույնպես միջամտում է եղբոր արարքների մեջ։

Արդեն այդ տարիքում ունի իր սեփական անասունները՝ Լուկաս ձի, Սվինուշոկ խոզուկը և հավ, Լոտտան կաղ ձի։

Տղայի զբաղմունքներից մեկն է արհեստագործությունը։ Ամեն անգամ, երբ Էմիլին պատժում են, տանում արհեստանոցում փակում չարության համար, Էմիլը ամեն մի չարության համար պատարաստում է փայտե մարդուկ, և ժամանակի ընթացքում քանակը հասնում է 300-ի։

Էմիլի հայրը՝ Անտոնը, եկեղեցական խմբի ավագն է, աչքի է ընկնում փողերի հանդեպ խնայողական մոտեցումով։ Շատ է աշխատում դաշտում վարձով աշխատող Ալֆրեդի հետ հավասար։ Սիրում է իր որդուն, բայց ամենաշատը հենց հայրն է ակամա հայտնվում ժառանգի չարությունների մեջտեղում, որոնք կատարվում են Էմիլի հետ պատահականության պատճառով։ Երբ որդին լսում է հոր գոռոցը՝ «Էմի՜լ», նա վազում է ամբողջ ուժով դեպի արհեստանոց, ներսից դուռը փակելով, որտեղ էլ սպասում է ծնողական զայրույթը՝ ստեղծելով նոր փայտե մարդուն։

Էմիլի մայրը՝ Ալմանը, տնային տնտեսուհի է, որը գիտի շատ բաղադրատոմսեր։ Նա իր մոտ գրություններ է պահում, որտեղ գրում է տղայի չարությունների մասին, որոնց համար դարակում էլ տեղ չկա։ Գրում է շատ կետադրական սխալներով, բայց դա չի խանգարում նրան լինել շրջանի ամենալավ տանտիրուհին։ Հենց նրան ստացվում է պատրաստել Էմիլի ամենասիրած կերակուրը՝ արյունոտ երշիկը։

Էմիլի ամենամոտիկ ընկերը բանվոր Ալֆրեդն է։ Հենց նրա շնորհիվ փոքրիկ խենթը սովորեց հասկանալ ձիերին և լողալ։ Տղայի մոտ ընտանիք չկա, դրա համար էլ նա չարաճճիությամբ է խոսում, ինչպես սեփական որդու կամ փոքրիկ եղբոր հետ։

Այդպես էլ Քաթհուլտում կա սպասավորուհի Լինան, որը սիրահարված է Ալֆրեդին, որը Էմիլին բոլորովին չի սիրում և ասում է բոլորին, թե ինչ չարաճճի է նա։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Ինձ շատ դուր եկավ այս գիրքը: Այն ինձ սովորեցրեց, որ չպետք է լինել այդքան չարաճճի, որքան Էմիլն էր և պետք է լսել ծնողներին և սանձերը ամեն տեղ բաց չթողնել:

  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *