Category Archives: Մայրենի 6-10

Լրացուցիչ առաջադրանքներ

  1. Փակագծում  տրված գոյականները գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

2. Նախադասությունները  լրացրո´ւԳրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե  միշտ  պատերազմներ  լինեն:

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե  դաս  չանենք:

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե  խելացի  չլինեն:

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե  մարդիկ   հեծանիվ  վարեն:

3. Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև  ուզում   էին   ամբողջ   ուտելիքը  իրենք  ուտեին։

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե  նավապետը  խելամիտ  չվարեր։

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն  նրանք  կարող  էին  երկար  խաղալ։

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ   ծնողները   գնացել  էին  աշխատանքի։

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, որպեսզի շատ գումար ունենա

Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ  զբոսնի։

4.   Նախադասությունները լրացրո´ ւԳրածդ բայերն  ընդգծի´ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն  աշխարհում,  ամեն  ինչ  շատ  վատ  կլինի:

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոոանան,  շատ  անհետաքրքիր կլինի:

Եթե ինձ ստիպեն ամեն օր առավոտից իրիկուն խաղալ,  ես  խելացի  չեմ  լինի:

Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,  դպրոցում   ամեն  ինչ   լավ   կլինի:



Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ,— ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

– Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:

— Ձին կթողնի,— ասացի ես։

— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր,— ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։

Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։

— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։

Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:

Կես ժամում նա գտավ ձին և բերեց։

— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:

— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։

— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։

Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:

— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։

— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։

— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։

Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։

— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։

— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։

— Այս առավոտվանից,— ասաց նա։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։

— Շատ լավ,— համաձայնեցի ես։

Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։

Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։

— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։

— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։

— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։

— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։

— Պարզ և ազնիվ։

— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։

— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։

Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։

Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.

— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։

Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.

— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։

— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:

— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։

— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:

— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

– Ի՞նչ կա,— հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ,— ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ,— ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։



06.05-10.05-2024 գործնական քերականություն

  1.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:
    Ծանրակշիռ, բազմերանգ, կեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջ, ջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաք, ոսպապուր;

 

  1. Ծանրակշիռ, բազմերանգկեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաքոսպապուր,

2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

Կարգկատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերանբարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել,  ահը սիրտն ընկնել,  անվանը մուր քսել,   անդանակ մորթել,  առյուծ կտրել,  բռունցք  թափ  տալ,  արձան կտրել, բախտը  ժպտալ, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ:
2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել:

Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

 

4. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)

 

5. Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:
Թագավորական աթոռ-գահ
քաղաքամերձ բնակավայր-արվարձան
վատ լուր հաղորդող-գուշկան
ձիերի խումբ-երամակ
հաճելի հոտ-բուրավետ
կովերի խումբ-հոտ
ձկների խումբ-վտառ
մեղուների խումբ-պարս

6. Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ —Ցածրագագաթ
քաղցրաձայն —դառնաձայն
սահադաշտ-պարզադաշտ
օրագիր-գրագիր
ցատկահարթակ-բարզրահարթակ
հոռետես- կարճատաես
գինետուն-հյուրատուն
գործընկեր-դասընկեր

7. Տրված բառերի հականիշները գրի´ր: 

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-անծանոթ, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-անգիտակցաբար,

հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել:



Մայիսի 1-ը աշխատավորների տոնն է

Մայիսի 1-ը աշխատավորների տոնն է,նաև իմ ծննդյան օրն է: Դա մի օր է, որը միշտ պետք է լինի, քանի որ այդ տոնը նվիրված է աշխատավորներին: Այդ տոնը առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Նաև Մայիսի 1-ը նշվում է 142 երկրներում:Ես սիրւմ եմ աշխատել, օգնել հայրիկիս և այլն:
Աշխատանքը մարդու կյանքում մեծ դեր է զբաղեցնում :Միայն Հայաստանում է Մայիսի 1-ը հանգստյան օր,քանի որ պետք է հարգել և՛ աշխատավորներին, և՛ իրենց կատարած աշխատանքը:


Գործնական քերականություն

  1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռագիր, հարթավայր, լրագիր. գետաձի, մեծատառ, նստատեղ, առագաստանավ:

 

Հեռագիր-հեռ(ու)+ա+գիր

հարթավայր-հարթ+ա+վայր

լրագիր-լուր+ա+գիր

գետաձի-գետ+ա+ձի

մեծատառ-մեծ+ա+տառ

նստատեղ-նստ(ել)+ա+տեղ

առագաստանավ+առագաստ+ա+նավ

Բոլոր  բառերի  վերջին  բաղադրիչները  միավանկ  բառեր  են։

2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

  • Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:

 

  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին  աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր  ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր  հեռագրերը  բաժանեց:
  • Միայն անգղերն (անգղներ)  էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • Կեղտաջրերը  ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

3. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը  ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ  լողափերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը  հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ  մանրերով  տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերի երկարությամբ:

4Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային … («խուզարկու»), … (որ) … (ծով) ու … (օվկիանոս) … (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային … (հաջողություն): Վագներն իր … (ընկեր) հետ Ֆլորիդայի … (ափ) մոտ խորտակված իսպանական… (նավ) ավելի քան միլիոն դոլար … (արժեք) … (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ … (թիվ) են կազմում այնպիսի … (որոնող), … (որ) չեն կարողանում նույնիսկ … (որոնում) … (ծախս) փակել:

 

Կան ջրային  «խուզարկուներ»,    որոնք  ծովերում   ու  օվկիանոսներում  գանձեր են որոնում: Հայտնի են հեքիաթային  հաջողություններ: Վագներն իր  ընկերների  հետ Ֆլորիդայի ափի  մոտ խորտակված իսպանական  նավում ավելի քան միլիոն դոլար արժեքի գանձեր է գտել: Բայց ավելի մեծ  թիվ  են կազմում այնպիսի  որոնողները, որոնք  չեն կարողանում նույնիսկ  որոնումների  ծախսերը  փակել։

5. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է  դժվարությունների  հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն  կառույցները , որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ։

Ըստ հունական ավանդույթի՝  հրաշագործ  արվեստագետ  Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս  ելքը չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս  թագավորը  բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

6. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի  խորքերում՝  խորջրյա  նստվածքներում  հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են  քայքայման  նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ  միացությունների  քայքայումը  խորքից  մեծանում է:

7. Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:

 

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ,որովհետև  շնչահեղձ  կլինի։

 

8. Յուրաքանչյուր շարքից մեկ բառ ընտրի՛ր և կազմի՛ր բառակապակցություններ: Ստացված կապակցությունների մեջ ո՞ր բառերն են փոփոխվում:

Ա. Ծով, կյանք, ընկեր, լեռ, տարի, գիշեր:

Բ. Մինչև, մասին, առանց, մեջ, բացի, հանուն, փոխարեն

 

Ծովի  մեջ-Ծով

կյանքի  մասին-կյանք

Բացի  լեռից-լեռ

Մինչև  գիշեր-գիշեր

Հանուն ընկերոջ  –ընկեր

Տարվա փոխարեն-տարի



Ցախավելի գաղտնիքը

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,

Ավելի կապերը քանդում, արձակում.

Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,

Ամենի առջև կոտրում զատ-զատ:

-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-

Քեզ է արժանի իմ թագն ու գահը:

Գրկում է որդուն, ճակատը համբուրում,

Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:

-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-

Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,

Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,

Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.

Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,

Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:

-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-

Տալով եղբորը պատիվ և հարգանք.

Իմաստուն որդին հասավ մուրազին,

Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:



Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները: Ղ. Աղայան

Մաս 1

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Մաս 2

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

– Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[2] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։



Ուսումնական գարուն: Ձոն բնության զարթոնքի

Բանաստեղծություններ

Վ.Տերյան-Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

****

Հ.Շիրազ -Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

*****

Վ.Տերյան-Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

*****

Գարնան հրավեր —        Հովհաննես Թումանյան

Բացվում են գարնան օրերը պայծառ.
Կըգաս, իմ ընկեր, գնանք դեպի սար,
Գընանք դեպ այնտեղ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև…

Փըթթում են գարնան ծաղկունքը վառ-վառ,
Վե՝ր կաց, վե՝ր,  ընկե՝ր, ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժպտում են նրանք ու բուրում այնտեղ…

Կանչում են գարնան հավքերն անհամար.
Գընանք, իմ ընկեր, թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև…

****

Գարուն  -Հովհաննես Շիրազ

Գարունն՝ արևով ժպտաց ամենքին,
Ամենուր վառվեց զմրուխտը գարնան.
Իմ դուռն էլ բացեց գարունը կրկին.
Բայց սիրտս այսպես ողջունեց նրան.

Գարուն, արևդ տար աշխարհներին,
Ինձ մի մանուշակ թող մնա միայն…



Գարնան մասին շարադրություն

Vnews | Գարուն է գալիս. 10+1 փաստ

Արդեն գարուն է: Ձմեռն իր տեղը զիջել է գարնանը: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը, նաև գալիս են տաք երկրներից: Մարդիկ հանում են իրենց տաք վերարկուներն ու հագնում են գարնանային բաճկոն: Գարնանը մայրիկների ու կանաց տոնն է: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով:Գարնանը երկարում են օրորը: Գարնանը ես սիրում եմ զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: Սիրում եմ գարունը նաև այն պատճառով, որ գարնանը իմ ծնունդն է:



«Օզի Կախարդը»

  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:
  • Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:
  • Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:
  • Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:
  • Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած  տպավորություններով:

Առաջարկում եմ նաև դիտել ֆիլմը:



Next page →