Ընթերցանություն

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *